


Էրդողանը կօգտվի Անկարայի ահաբեկչությունից՝ ինչպես քրդերի, այնպես էլ իր քաղաքական ուղեգծի այլ հակառակորդների նկատմամբ ճնշումն ուժեղացնելու համար: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 28 մարդ է զոհվել, ևս 61-ը՝ վիրավորվել: Վերջին ժամանակներս սա 4-րդ խոշոր ահաբեկչությունն է Թուրքիայում: Անկարան ավանդաբար բոլոր ահաբեկչությունների համար մեղադրում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության գրոհայիններին:
ՙԶոհերի պատճառ դարձած հերթական ահաբեկչությունն առաջին հերթին հերթական անգամ կնպաստի Էրդողանի և AKP շուրջ հասարակության համախմբմանը: 2015 թվականին Թուրքիայի նախագահին մեկ անգամ արդեն հաջողվել է ահաբեկչությունն օգտագործել կրկնակի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում՝ ընտրազանգվածի տատանվող մասին իր կողմը գրավելու նպատակով: Էրդողանը հաջողությամբ շարունակում է խաղալ թուրքական հասարակության որոշակի մասի ազգայնական և պանթյուրքական տրամադրությունների վրա՚,- նշել է նա: Նրա խոսքով, հաշվի առնելով, որ առայժմ ոչ ոք և առաջին հերթին՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը չեն շտապում ստանձնել Անկարայի ահաբեկչության պատասխանատվությունը՝ դրա նախաձեռնողների մասին խոսելը բավական դժվար է: Սակայն, արդեն կարելի է ասել, որ վերջին ահաբեկչության արդյունքում թուրքական արտաքին և ներքին քաղաքականությունը ձևավորող մարդկանց սթափեցում ակնկալել չենք կարող: Թուրքագետը համոզված է, որ Էրդողանը և նրա մերձավոր շրջապատն առաջին հերթին կենտրոնացած է ներքին լսարանի և իշխանության պահպանման վրա: Այդ իսկ նպատակով երկրում կանոնավոր կերպով ճնշվում է խոսքի ազատությունը և բազմակարծության ցանկացած դրսևորում: Սաֆրաստյանի խոսքով, նման ագրեսիվ քաղաքականությունն էլ Թուրքիայի տարածքում ահաբեկչությունների գլխավոր պատճառն է:



