


Մխիթար Հերացու անվան առաջին կլինիկական հիվանդանոցում ավարտվել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առողջակնա վիճակի հետազոտությունը
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Սահակյանին բուժող բժիշկը, խոսնակի վիճակը կարգավորվել է: Բժիշկը հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել` վկայակոչելով բժշկական գաղտնիքը, սակայն ճշտել է, որ առաջիկա օրերին Սահակյանը կմնա բժիշկների հսկողության տակ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արսեն Բաբայանն իր հերթին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է, որ Գալուստ Սահակյանի ճնշումը կարգավորվել էր դեռ գիշերը: «Այժմ նախագահի վիճակը կայուն է, նա քայլում է և, նույնիսկ` կատակում», - հավաստիացրել է բժիշկը: Տվյալ պահին Գալուստ Սահակյանը դեղորայքային բուժում է ստանում:
Նշենք, որ փետրվարի 17-ին` ժամը 20։00-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ինքնազգացողությունը վատացել էր, այցելել էր բժշկական հետազոտության։ Արդյունքում պարզվել էր, որ կտրուկ տատանվել է Գալուստ Սահակյանի ճնշումը։ Դեռ գիշերը նա ամբողջական հետազոտության էր ենթարկվել, որի արդյունքում ախտորոշվել էր արյան շրջանառության անցողիկ խանգարում, նշանակվել է բժշկական հսկողություն։ ՀՀ ԱԺ 67-ամյա նախագահի առողջական վիճակը գնահատվել է բավարար, ինքնազգացողությունը հիվանդանոցում մշտապես եղել է լավ։ Ողջ գիշեր խոսնակի մոտ հերթապահել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձինք: ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, փետրվարի 17-ին Սահակյանը մասնակցել է որդու ծննդյան օրվան նվիրված հանդիսությանը:


