
Արմինֆո. Անակլիայի նավահանգիստը պետք է կառուցվի Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ մասնակցությամբ և դառնա Կովկասի դարպասն ամբողջ աշխարհի համար: Այդ մասին հայտարարել է վրացական "Լելո" կուսակցության առաջնորդներից մեկը՝ Իրակլի Կուպրաձեն։
Նրա խոսքով՝ Անակլիան ոչ միայն նավահանգիստ է, այլ՝ Վրաստանի ազգային անվտանգության հարց, ինչպես նաև երկրի եվրոպական և եվրատլանտյան ապագայի նախագիծ:
"Մեզ համար Անակլիան երբեք չի եղել, պարզապես, նավահանգիստ։ Անակլիան Վրաստանի ազգային անվտանգությունն է: Անակլիան Վրաստանի տնտեսական անկախությունն է։ Անակլիան երկրի եվրոպական և եվրատլանտյան ապագայի նախագիծ է։ Այդ իսկ պատճառով մենք՝ "Ուժեղ Վրաստան - Լելո"-ն, ի սկզբանե հայտարարել ենք, որ Անակլիայի նավահանգիստը պետք է կառուցվի լիակատար թափանցիկությամբ ՝ արեւմտյան ռազմավարական գործընկերների, միջազգային ֆինանսական ինստիտուտների եւ ուժեղ մասնավոր ներդրողների մասնակցությամբ։ Անակլիան պետք է դառնա Սև ծովի գլխավոր լոգիստիկ հանգույցը, որը Վրաստանը կկապի Եվրոպայի հետ, կամրապնդի երկրի անվտանգությունը, կներգրավի ներդրումներ և կստեղծի տասնյակ հազարավոր աշխատատեղեր: Նավահանգիստը պետք է կառուցվի Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ մասնակցությամբ և դառնա Կովկասի դարպասն ամբողջ աշխարհի համար: Դա ճանապարհն է դեպի ուժեղ Վրաստան, խաղաղության, բարեկեցության և զարգացման իրական տեսլական", - հայտարարել է նա։
Կուպրաձեն կարծում է, որ Անակլիան պետք է դառնա երեք երկրների գործընկերության, համակովկասյան խաղաղության, կայունության և բարգավաճման վայր: Այս առումով քաղաքական գործիչը հիշեցրել է, որ պատմությունը բազմիցս ապացուցել է, որ կայուն խաղաղությունն առավել ամուր է այնտեղ, որտեղ երկրները միավորում են առևտուրը, ենթակառուցվածքը, ներդրումները և ընդհանուր տնտեսական հաջողությունը: "Երբ հարեւանները միասին բարեկեցություն են ստեղծում, խաղաղության գինը մեծանում է, իսկ առճակատման գինը զգալիորեն բարձրանում է", - հայտարարել է Կուպրաձեն, հաղորդում է "Գրուզիա օնլայնը":
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ կառավարությունը որոշում է կայացրել կառուցել Անակլիայի խորջրյա նավահանգիստը Landlord մոդելով, որի շրջանակներում պետությունը կմնա հիմնական ծովային և նավահանգստային ենթակառուցվածքի սեփականատերը: Նրա խոսքով՝ Անակլիայի նավահանգիստը լինելու է վրացական նավահանգիստ, իսկ միջազգային ընկերությունները մասնակցելու են բացառապես տերմինալային ենթակառուցվածքի կառավարմանը, ինչը ոչ մի կապ չունի սեփականության իրավունքի հետ: Նախարարը նաեւ ընդգծել է, որ Landlord մոդելն առավել համապատասխանում է ազգային շահերին եւ կապահովի Անակլիայի նավահանգստի նախագծի անվերապահ հաջողությունը: