
Արմինֆո.Մոսկվան ակնկալում է, որ ընտրությունների արդյունքում ձևավորված Հայաստանի նոր կառավարությունը կապահովի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերը հաշվի առնելու ոգով:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ "Իննոպրոմ" ցուցահանդեսի հարթակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Միշուստինն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների շարքում զբաղեցնում է առաջին տեղը՝ "չնայած համաշխարհային տնտեսության տուրբուլենտությանը": Ռուսաստանի վարչապետի ասելով՝ Ռուսաստանի համար կարևոր է, որ "Հայաստանի կառավարությունը շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանցի ներդրողների գործունեության համար և ապահովի նրանց իրավունքների, օրինական շահերի պահպանումը": Նա նշել է, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հումանիտար համագործակցությանը և առաջարկում է "շարունակել մշակույթի օրերի, ցուցահանդեսների, փառատոնների անցկացման ավանդույթը": Միշուստինը վստահություն է հայտնել, որ "Իննոպրոմ" միջազգային ցուցահանդեսի աշխատանքի ընթացքում Ռուսաստանի եւ Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները համատեղ նախագծերի համար հնարավորություններ կգտնեն եւ համագործակցություն կհաստատեն:
Իր հերթին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ առկա հարցերը կլուծվեն, ինչպես նաև նշել է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման տրամադրվածությունը: Նա հայտարարել է, որ Երևանը շահագրգռված է Մոսկվայի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ ։ "Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրություններից հետո մենք տրամադրված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը", - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը, հավելելով, որ Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում ակնկալում է կողմերի միջև առկա հարցերը լուծել կառուցողաբար: "Հուսով եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի լուծել կոնկրետ հարցեր ", - նշել է Փաշինյանը, հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միությանը հետագա մասնակցությամբ և այն բանում, որպեսզի ԵԱՏՄ մեխանիզմներն "աշխատեն պլանային ռեժիմով":
Հիշեցնենք, որ Ռուսաստանը լայնածավալ սահմանափակումներ է կիրառում Հայաստանից մատակարարումների նկատմամբ։ 2026 թվականի հունիսի 12-ից "Ռոսսելխոզնադզորն" ամբողջությամբ արգելել է Հայաստանից ՌԴ ներկրումը, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի տարածքով "կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի" տարանցումը։ Արգելքի տակ է հայտնվել ԵԱՏՄ շուրջ 130 անուն ապրանք, այդ թվում, գործնականում, ցանկացած միրգ, բանջարեղեն, ընկույզ, հատապտուղ, կանաչի, ինչպես նաև՝ ծաղիկներ։ Բացի այդ, 2026 թվականի հունիսի 26-ից գերատեսչությունը կասեցրել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի սերտիֆիկացումն ու ներկրումը։