
Արմինֆո. Եվրոպական խորհրդարանի «Հայրենասերները Եվրոպայի համար» (Patriots for Europe) խմբակցության պատգամավոր Գերոլֆ Անեմանսը գրավոր հարցով` առաջնահերթության կարգով դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ ուշադրություն հրավիրելու նպատակով: Հարցը վերաբերում է 2026 թվականի հունիսի 24-ին «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ձերբակալությանը, և այն բարձրացվում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան կատարած այցի համատեքստում։ Այդ մասին հաղորդում է «Հայաքվե» քաղաքական ուժը։
«Եվրապատգամավորը հիշեցնում է, որ դեռևս 2022 թվականին Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացված դատական վարույթները միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից արժանացել էին քննադատության՝ հիմնարար իրավունքների և արդար դատաքննության երաշխիքների պահպանման տեսանկյունից։
Այս կապակցությամբ Եվրոպական հանձնաժողովին ուղղվել է երկու կարևոր հարց.
Արդյո՞ք Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Երևան կատարած այցի ընթացքում քննարկվել է Ավետիք Չալաբյանի վերջին կալանավորման հարցը։
Ինչպե՞ս է Եվրոպական հանձնաժողովը գնահատում այս գործը՝ Եվրոպական միություն–Հայաստան հարաբերությունների շրջանակում Հայաստանի կողմից ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության ոլորտներում ստանձնած հանձնառությունների լույսի ներքո։
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կարևորում է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումների, իրավունքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգայնորեն բարձրացված հարցերը ստանան պատշաճ միջազգային գնահատական և ուշադրություն», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ ավելի վաղ Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը հունիսի 24-ին հաղորդել էր, որ դատարանը Ավետիք Չալաբյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Կալանավայրը լինելու է "Արմավիր" քրեակատարողական հիմնարկը, ընդ որում, տեսակցություններն արգելված են բոլորի համար՝, բացառությամբ փաստաբանների:
Ըստ Քննչական կոմիտեի տվյալների ՝ 2026 թվականի մայիսին Չալաբյանը մեկնել և հանդիպել է այլ պետության պաշտոնատար անձանց հետ, որի ընթացքում համոզելու, ինչպես նաև իրենց նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու փաստով շահագրգռելու միջոցով նրանց դրդել է, որպեսզի նրանք, օգտագործելով իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, խոչընդոտեն 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:
Ավելի վաղ ՝ 2022 թվականի մայիսին, նա ձերբակալվել էր նյութական վարձատրության դիմաց քաղաքացիներին ընդդիմադիր հանրահավաքներին մասնակցելու դրդելու մեղադրանքով ։ Ինքը՝ Չալաբյանը, հերքել էր մեղադրանքները ՝ հայտարարելով դրանց քաղաքական դրդապատճառների մասին։ Նույն թվականի օգոստոսին նա գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Հետագայում գործը լայն միջազգային արձագանք է ստացել։ Մասնավորապես, այն արտացոլվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ՝ մարդու իրավունքների մասին ամենամյա զեկույցում ՝ որպես հնարավոր կամայական կալանավորման օրինակ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մատնանշել է քաղաքական ակցիաների կազմակերպման նկատմամբ քրեական օրենսդրության մտահոգիչ կիրառումը, իսկ Freedom House-ը քննադատել է Չալաբյանի ՝ երկու տարի շարունակ հՀանրային հավաքներին մասնակցելու դատական արգելքը ՝ որպես ատիպիկ և սահմանափակող միջոց։ 2024 թվականի սեպտեմբերին Վերաքննիչ դատարանը բեկանել է մեղադրական դատավճիռը և գործն ուղարկել նոր քննության։