
Արմինֆո.Կիբեռհանցագործություններից և ֆինանսական խարդախություններից տուժած մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացրել ՀՀ քննչական կոմիտեի մոտ և պահանջել գերատեսչության նախագահ Արթուր Պողոսյանի հրաժարականը:
ՔԿ շենքի մոտ հավաքվածները վանկարկում էին՝ "Ամոթ"։ Ինչպես լրագրողների հետ զրույցում պատմել է "Հանրային վերահսկողություն" ՀԿ նախագահ Մհեր Ղարագյոզյանը, իրենց վերջին տվյալների համաձայն, քաղաքացիներից գողացել են ևս 30 միլիոն դրամ, մինչ այդ՝ 670 միլիոն դրամ: Սակայն, ինչպես նշել է Ղարագյոզյանը, ենթագերատեսչական հաստատությունների ներկայացուցիչները որպես արդարացում հայտարարում են, թե՝ քանի որ այդ հանցագործությունը կատարած անձինք գտնվում են Հայաստանում, իսկ զոհ են դարձել նաեւ այլ երկրների բնակիչներ, ապա իրական տուժողներն, առաջին հերթին, օտարերկրացիներն են, որոնք տուժել են խարդախ գործողություններից: "Այդ դեպքում ինչի համար այստեղ այդ քննիչները, թող հեռանան։ Նրանք, պարզապես, քաղաքական կամք չունեն։ Այս բոլոր հարցերով պետք է զբաղվի ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը", - հայտարարել է կազմակերպության նախագահը։
Նա պատմել է, որ ավելի վաղ իրենք Հայաստանի յոթ պետական մարմինների ներկայացրել են միջազգային մեխանիզմներ, որոնք կիրառվում են նման դեպքերում: Մասնավորապես, նրանք առաջարկել են ստեղծել պետական հիմնադրամ, որի գործունեության շրջանակում պետք է վերականգնվեն կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների իրավունքները: "Բայց մենք պատասխան չենք ստացել։ Պետությունը իմունիտետ չունի կիբեռհանցագործությունների նկատմամբ։ Նրանց անգործությունը, ըստ էության, հանգեցրել է այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ երկրում կիբեռհանցագործությունները ծաղկում են և, նույնիսկ, խրախուսվում: Եվ որտեղ զոհը դառնում է մեղավոր, որ ենթարկվել է կիբեռհարձակման", - ընդգծել է Ղարագյոզյանը։
Նա նշել է, որ իրենք մինչ օրս չեն ունեցել որևէ դեպք, երբ կիբեռհանցագործությունից տուժած քաղաքացու իրավունքները վերականգնվեն, նույնիսկ, եթե նրանցից որևէ մեկը զոհ է ճանաչվել:
Նշենք, որ հուլիսի 1-ին համանման ակցիա է տեղի ունեցել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցներն իրենց քայլերով փորձել են իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել ներդրումային կազմակերպության կողմից կատարված խարդախության վրա: Նրանք նաև մեղադրել են պետությանը՝ անգործության համար, և համոզմունք հայտնել, որ ապագայում քաղաքացիների հեռախոսների IMEI-կոդերի միասնական բազայի ստեղծումը պարարտ հող կդառնա նոր կիբեռհանցագործությունների համար: