
ԱրմԻնֆո. Հայաստանը կմիանա ՅՈւՆԵՍԿՕ-ի «Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հուլիսի 3-ի արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության կողմից ռատիֆիկացման համար ներկայացված համապատասխան փաստաթուղթը:
Իր ելույթում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ կոնվենցիան ընդունվել է 2001 թ. նոյեմբերի 2-ին և ուժի մեջ է մտել 2009 թ. հունվարի 2-ից: Փաստաթղթի ընդունումը պայմանավորված է ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությամբ՝ որպես մարդկության համընդհանուր մշակութային ժառանգության անբաժանելի մասի: Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգությունը մեծ նշանակություն ունի ժողովուրդների, քաղաքակրթությունների և պատմական գործընթացների ուսումնասիրության համար, քանի որ այն ընդգրկում է մարդկային գործունեության նյութական մնացորդները, որոնք երկար ժամանակ պահպանվել են ջրային միջավայրում: Կոնվենցիայի նպատակը ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության ապահովումն ու ամրապնդումն է:
Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության տակ հասկացվում են մարդու գոյության բոլոր հետքերը՝ լինի դրանք մշակութային, պատմական կամ հնագիտական բնույթի, որոնք մասամբ կամ ամբողջությամբ, ժամանակ առ ժամանակ կամ մշտականապես գտնվել են ջրի տակ ոչ պակաս քան 100 տարի: Ըստ կոնվենցիայի՝ մասնակցող պետությունները՝ առանձին կամ համատեղ, ըստ անհրաժեշտության, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները ջրի տակ գտնվող մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար՝ օգտագործելով դրա համար գոյություն ունեցող լավագույն պրակտիկաները:
Ըստ կոնվենցիայի՝ ջրի տակ գտնվող մշակութային ժառանգությունը չպետք է ենթարկվի առևտրային շահագործման, վաճառքի կամ մասնատման, իսկ դրա ուսումնացումը ու օգտագործումը պետք է իրականացվեն գիտական, կրթական, մշակութային և հասարակական շահերի համար:
Նախարարը նշեց, որ ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պահպանությունը կարևոր խնդիր է նաև Հայաստանի համար: Այս ոլորտի փորձագետների կարծիքով՝ Սևանա լճում և Հայաստանի Հանրապետության մի շարք այլ ջրամբարներում առկա են մշակութային շերտեր, որոնք ենթակա են պահպանման՝ համաձայն կոնվենցիայի: Նախարարը մեծ կարևորություն է տվել Հայաստանի կոնվենցիային միանալուն: