
ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արա Բաբլոյանը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին մեղադրել է դեղորայքի շուկայում աշխատող ընկերությունների շահերի լոբբինգի համար:
Փետրվարի 16-ին «Դեղերի մասին» օրենքի նախագծի խորհրդարանական քննարկումների ընթացքում Փաշինյանը նշել է, որ նոր օրենքի կիրառման արդյունքում դեղորայքի գները կբարձրանան: Նա, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել դեղերի կիրառման հրահանգի հայերեն տարբերակի առկայության պահանջի վրա, որի կառարումն իր մեջ ֆինանսական բեռ է կրում: Նրա ասելով, ավելի նպատակահարմար կլիներ ստեղծել համապատասխան կայք, որում հայ սպառողը կարող էր գտնել դեղորայքի վերաբերյալ մայրենի լեզվով տեղեկատվություն: Բացի այդ, պատգամավորը նշել է դեղեր ներմուծող կազմակերպությունների լիցենզավորման բարդ ընթացակարգը: Փաշինյանին չի գոհացնում նաև 5 տարի ժամկետով դեղերի գրանցումը, ինչը, նրա կարծիքով, կարելի է իրականացնել 15 տարին մեկ անգամ: «Այդ ամենը պահանջում է մեծ միջոցներ, և արդյունքում, կհարվածի սպառողների գրպաններին», - ասել է նա:
Այս հայտարարությունները հարուցել են Արա Բաբլոյանի խիստ վրդովմունքը: Նա նշել է, որ Փաշինյանի հիշատակած կայքն արդեն գոյություն ունի, սակայն ինտերնետից օգտվելու հնարավորություն ունի Հայաստանի բնակչության ոչ 100%-ը, և իրենք իրավունքն չունեն սպառողին զրկել ձեռքի տակ դեղերի կիրառման հրահանգ ունենալու հնարավորությունից: Նրա ասելով, հայերեն հրահանգների ներդրումը դեղերի արժեքը կարող է բարձրացնել մեկ դրամով կամ ավելի պակաս: «Դուք ցանկանում եք առաջ մղել դեղերի շուկայում աշխատող որոշակի ընկերությունների շահերը», - ընդգծել է նա:
Դեղորայք ներմուծող ընկերությունների լիցենզավորման ընթացակարգը մեկնաբանել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Ինչպես նշվել է, օրինագծով նախատեսվող ընթացակարգը նպատակաուղղված է վտանգավոր դեղերի իրացման կանխարգելմանը: Խաչատրյանը նաև չի կիսում Փաշինյանի այն մտավախությունը, թե օրինագծի ընդունումը կհանգեցնի դեղորայքի շուկայի մենաշնորհման: «Հայաստանում գործում է ավելի քան 2 հազար դեղատուն, ավելի քան 170 ներմուծող կազմակերպություն: Որքանո՟վ նպատակահարմար է այս իրողությունների պայմաններում խոսել մենաշնորհի մասին», - նշել է փոխնախարարը:
Ավելացնենք, որ «Դեղերի մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականի հոկտեմբերի 27-ին: Մինչդեռ, փորձագետների կարծիքով, նոր օրինագիծը թույլ կտա ավելի լավ կարգավորել դեղերի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում, ներառյալ դրանց արտադրությունը, գրանցումը և որակի վերահսկողությունը: Փաստաթղթում առաջին անգամ սահմանվում են դեղամիջոցների գների պետական կարգավորման հնարավորությունները, նախակլինիկական և կլինիկական փորձարկումների նկատմամբ պահանջները, դեղերի պետական գրանցման հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները: Նախատեսվում է, օրինակ, այսպես կոչված, զուգահեռ ներմուծման կիրառում: Դեղորայքի մեծածախ առևտուրը կթույլատրվի բացառապես լիցենզիայի առկայության դեպքում, ինչը թույլ կտա բարձրացնել դրանց կիրառման անվտանգության մակարդակը: Կարգելվի ԶԼՄ-ներում այն դեղերի գովազդը, որոնք տրվում են դեղատոմսով: