
Արմինֆո.Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հաղորդել է, որ մտադիր չէ վերցնել պատգամավորական մանդատը և մտնել 9-րդ գումարման խորհրդարանի կազմի մեջ:
Այդ մասին նա հայտարարել է հուլիսի 2-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք մտադիր է հրաժարվել պատգամավորական մանդատից, հաշվի առնելով, որ ինքը չի վերընտրվելու Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում։
Սիմոնյանը խոստովանել է, որ կցանկանար շարունակել իր աշխատանքը ԱԺ նախագահի պաշտոնում, սակայն հասկանում է, որ կա վարչություն և կուսակցություն, և որոշումն իրենք են կայացնում: "Ես ենթարկվում եմ այդ որոշմանը, ինչի առնչությամբ պաշտոնս կլքեմ։ Վիրավորանք չկա, որովհետև կարծում եմ, որ աշխատանքային պրոցեսը փոփոխություններ է ենթադրում։ Կարծում եմ, որ ինչ-որ փուլում օգտակար կլինեմ մեր երկրին և կուսակցությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կուսակցության վարչության հետ քննարկվել է նաև այլ հարց․ ես մանդատ չեմ վերցնելու և որպես պատգամավոր չեմ գալու խորհրդարան", - հաղորդել է Սիմոնյանը։
Խոսելով այն մասին, թե ինչով է պայմանավորված նման որոշումը, Հայաստանի խորհրդարանի ներկայիս խոսնակն ասել է, որ, պարզապես, ցանկանում է հանգստանալ: Նա վստահեցրել է, որ մանդատից հրաժարվելը որևէ կապ չունի ԱԺ նախագահ չվերընտրվելու հետ: "Ինձ համար ծանր աշխատանքային շրջան էր։ Մի մոռացեք, որ սա հետպատերազմյան խորհրդարան է, որն անցել է բազմաթիվ մարտահրավերների ու ծանր իրավիճակների միջով ։ Այն աշխատանքը, որը ես կատարել եմ իմ գործընկերների հետ, շատ բարդ էր։ Այնպես որ, ես ուզում եմ հիմա հանգստանալ։ Բացի այդ, ես անձնական կյանք ունեմ, եւ այն նույնպես ցանկանում եմ կարգավորել", - նշել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ այդ հարցերի շուրջ այլ պայմանավորվածություններ այս պահին չկան։ Միաժամանակ նա հստակեցրել է, որ քաղաքականության մեջ ինքը կարող է ներկա լինել միայն "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության գործունեության շրջանակներում։ "Ես ինձ չեմ տեսնում որևէ քաղաքական գործընթացում՝ առանց Փաշինյանի։ Այստեղ ոչ մի վիրավորանք չկա։ Ինձ ու նրան այլեւս մի ծանրաբեռնեք այս հարցերով", - եզրափակել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել ներկայիս փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: