


Արմինֆո. Եվրոպական միությունն արդեն տևական ժամանակ Հայաստանի թիվ մեկ գործընկերն է բարեփոխումներին առնչվող հարցերում։ Այդ մասին հուլիսի 2-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները մտադիր են վերսկսել բարեփոխումների ծրագրերը։ Չնայած նախորդ տարիներին այդ ուղղությամբ քայլերի հաջորդականությանը՝ այնուամենայնիվ, այդ գործընթացը մշտապես ուղեկցվել է մեծ խնդիրներով ՝ պատերազմներով, ճգնաժամերով։ Այժմ հնարավորություն կա լիարժեք կենտրոնանալ ժողովրդավարական բարեփոխումների ծրագրերի վրա։ Երկրում տեղի ունեցած ընտրությունները և Եվրամիության հետ հարաբերությունների նոր մակարդակը երկրի համար պատմական շանս են ստեղծում: Բարեփոխումների ծրագրերի ամենագլխավոր հարցը պետք է լինի երկրում արտադրվող բոլոր ապրանքներն ու մատուցվող ծառայությունները եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելը։ "Դա ռազմավարական խնդիր է, որը մենք պետք է լուծենք, ինչը թույլ կտա ավելի առարկայական խոսակցություն ունենալ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ, չնայած այն հանգամանքին, որ դա արդեն քաղաքական հարց է", - ասել է վարչապետը:
Իր հերթին՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ը երկխոսություն է վարում վիզային ռեժիմի ազատականացման շուրջ, ինչն արդեն խոսում է Երևանի և Բրյուսելի միջև հարաբերությունների մակարդակի մասին: Այս տարվա ապրիլին ներկայացվել է այդ ուղղությամբ առաջընթացի մասին զեկույցը։ Ամռանը երկիր կայցելի ԵՄ գնահատման առաքելությունը, և դրական արդյունքի, ինչպես նաև մի շարք ընթացակարգերի անցկացման դեպքում հնարավոր կլինի անցնել այդ գործընթացի գործնական իրականացմանը:



