
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (դատավոր՝ Վարազդատ Միքաելյան) նախօրեին բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։ Այդ մասին հաղորդել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Սուրբ Հովհաննավանքին, որտեղ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին Եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության թիվ 797-Ն որոշմամբ նախատեսված կարգով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։
Ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները՝ նույնիսկ չներկայանալով դեպքի վայր և չիրականացնելով կառավարության որոշմամբ նախատեսված ստուգողական միջոցառումները։
Դատարանը հստակ արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր ոչ թե անտեսել Մայր Աթոռի դիմումները, այլ օրենքով սահմանված կարգով ժամանել դեպքի վայր, ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը և կատարել այն գործողությունները, որոնք նախատեսված են սեփականության իրավունքի պաշտպանության համար։
Վճռի կարևորագույն իրավական հետևությունն այն է, որ թեև եկեղեցին բաց է հավատացյալների համար, սակայն դրա բոլոր հատվածները չունեն նույն իրավական կարգավիճակը։ Խորանը, Ատյանը և Ավանդատունը բացառապես եկեղեցական ծառայության համար նախատեսված տարածքներ են:
Դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, իսկ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքից բխում է, որ Եկեղեցին, օրենքով սահմանված շրջանակներում, ինքնուրույն կազմակերպում է իր ներքին կյանքը և իրականացնում իր կանոնական լիազորությունները։
Ըստ վարչական դատարանի՝ նշված իրավակարգավորումներից հետևում է, որ եկեղեցու ներքին կազմակերպման, եկեղեցական ծառայության իրականացման, ինչպես նաև եկեղեցու պաշտամունքային տարածքների օգտագործման կարգի սահմանումն ու դրանցում գտնվելու իրավասություն ունեցող անձանց շրջանակի որոշումը վերապահված է բացառապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավասու մարմիններին:Վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը», - գրել է Արա Զոհրաբյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ Հովհաննավանքի նախկին վանահայր Ստեփան Ասատրյանը կարգալույծ էր հռչակվել 2025 թվականի հոկտեմբերի 21-ին ՝ ՀԱԵ կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշմամբ ։ Հիմք էին ծառայել հանձնաժողովի եզրակացությունները և Արագածոտնի թեմի առաջնորդի զեկույցը, որտեղ նշվում էր, որ Ասատրյանն իր հրապարակային հայտարարություններով վարկաբեկել է Եկեղեցին և հոգևորականներին: Դրանից հետո Ասատրյանը բացահայտ հայտարարել էր, որ աջակցում է հոգևոր կառույցներին քննադատող կառավարության քաղաքականությանը։ Ընդ որում, Ասատրյանը շարունակել էր մնալ եկեղեցում և անօրինական եկեղեցական արարողություններ կատարել։ ՀԱԵ-ն հայց էր ներկայացրել ընդդեմ Ասատրյանի ՝ պահանջելով կարգալույծ հոգևորականին պարտավորեցնել հանձնել ՀԱԵ-ի հաշվեկշռում գտնվող Երևան քաղաքի բնակարանի, ինչպես նաև Արագածոտնի մարզի Սուրբ Հովհաննավանքի բանալիները: