


Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հանդես է եկել պարզաբանմամբ երկրում բջջային հեռախոսների IMEI-կոդերի գրանցման համակարգի ներդրման փաստի վերաբերյալ՝ հանրային լայն հնչեղության ֆոնին:
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում այդ առնչությամբ ասվում է․ «Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։
Կարգավորումը միտված է նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը, ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար, պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից, ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։
Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։
Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների»։
Հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկումների ընթացքում հնչել են տարբեր հարցեր և մտահոգություններ, ինչի առնչությամբ ՀՀ կառավարությունը ներկայացրել է դրանցից ամենահաճախ հնչող կարծիքներն ու փաստարկված պարզաբանումները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել "IMEI-կոդերի գրանցման և վերահսկման պետական համակարգ ստեղծելու մասին" օրինագծին: Փաստաթղթի համաձայն, 2027 թվականի հունվարի 1-ից ֆիզիկական անձանց կողմից երկիր ներմուծված շարժական սարքերը պետք է գրանցվեն։ Գրանցման բացակայության դեպքում կապի օպերատորները կարող են հրաժարվել դրանք ցանցին միացնելուց: Համակարգի ներդրումն ուղեկցվում է գրանցման պետական տուրքով: Ընթացիկ կամ նախորդ տարում արտադրված սարքերի համար տուրքի չափը կկազմի 3000 դրամ, մինչդեռ, հին հեռախոսների գրանցումը կլինի անվճար: Միաժամանակ, մեկ անձի կողմից մեկ տարվա ընթացքում մի քանի նոր սարքերի ներկրման համար սահմանվում են ավելացված մաքսատուրքեր․ 2026 թվականին արտադրված մեկ անձի կողմից մեկ տարվա ընթացքում ներկրված երկրորդ և հաջորդ հեռախոսների համար՝ 100 000 դրամ, և 20 000 դրամ ՝ 2025 թվականին արտադրված երկրորդ և հաջորդ հեռախոսների համար։



