
Արմինֆո.Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում բացվել է նոր երիտասարդական տարածք, որը կդառնա «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում Հայաստանի մարզերում ստեղծված վեցերորդ նմանատիպ կենտրոնը:
Ինչպես նշվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան հաղորդագրությունում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ մասնակցելով Խոյի երիտասարդական տարածքի բացման արարողությանը՝ ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը կարևորել է երիտասարդական 6 տարածքների առկայությունը՝ Արմավիրում, Շիրակում, Լոռիում, Սյունիքում, Գեղարքունիքում և Տավուշում՝ «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվել է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի կողմից։
Այս երիտասարդական տարածքները կծառայեն որպես «ժողովրդավարության լաբորատորիաներ», որտեղ երիտասարդները կզարգացնեն իրենց քննադատական մտածողությունը, երկխոսություն վարելու կարողությունը, հանդուրժողականությունն ու քաղաքացիական պատասխանատվությունը, որպես ամուր ու դիմակայուն Հայաստանի հիմքում ընկած արժեքներ։
Միաժամանակ նրանք հասանելիություն կստանան ոչ ֆորմալ կրթությանը, կմասնակցեն կամավորական ծրագրերի, քաղաքացիական ներգրավվածության նախաձեռնությունների, առաջնորդության զարգացման ծրագրերի և համայնքային նախաձեռնությունների։
Նա նաև ընդգծել է, որ բոլոր վեց երիտասարդական տարածքների գործունեությունն ամրագրված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրերով, ինչը վկայում է ծրագրի ավարտից հետո երիտասարդական ծառայությունների շարունակականությունն ապահովելու համատեղ հանձնառության մասին։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ավելի վաղ հայտարարել էր, որ երիտասարդական կենտրոնների ցանցի զարգացումը պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններից է: ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի համաձայն, հանրապետության մարզերում նախատեսվում է ստեղծել 25 երիտասարդական կենտրոն։
Youth in Action: Empowering and Mobilising Young People in Armenia նախագիծն իրականացվում է Youth Initiative Centre հասարակական կազմակերպության կողմից՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության, World Vision Armenia -ի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (Media Initiative Centre) հետ համատեղ ՝ ԵՄ և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի համաֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է ընդլայնել երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքին, զարգացնել առաջնորդական կարողություններ, քաղաքացիական ակտիվություն և մեդիա գրագիտություն: