
Արմինֆո. Հայաստանի կառավարության «Անապահովության գնահատման նոր համակարգը», որը որպես պիլոտային ծրագիր առաջինը փորձարկել են Սյունիքի մարզում, արդեն իսկ հանգեցրել է ընտանեկան նպաստ ստացողների թվի կտրուկ կրճատման և խոցելի խմբերի սոցիալական վիճակի վատթարացման։
Այդ մասին Facebook-ի իր էջում հայտարարել է Գորիս համայնքի ղեկավար նախկին տեղակալ, ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" դաշինքի անդամ Իրինա Յոլյանը։
Յոլյանի ասելով՝ այդ պիլոտային ծրագրի շրջանակում ընդամենը մեկ տարում իշխանությունը 869 ընտանիքի (նպաստառուների 71%-ին՝ 1219-ից հասցնելով 350-ի) զրկել է ապրուստի նվազագույն միջոցից։
«Այս մեխանիկական կրճատումներով իշխանությունը թղթի վրա «աղքատություն է հաղթահարում»։ Բայց արդյո՞ք այդ ընտանիքները մեկ տարում հարստացել են։ Իհարկե ոչ։
Ես ինքս ամենևին կողմնակից չեմ նպաստների երկարաժամկետ տրամադրմանը։ Ընտանիքներին տարիներով նպաստառու պահելը վատ պրակտիկա է, որը չի լուծում աղքատության խնդիրը։ Սակայն որպեսզի այդ նպաստը կարճ տևի, և մարդը դուրս գա համակարգից, պետությունը պարտավո՛ր է պայմաններ ստեղծել, աշխատատեղ ստեղծել։ Խնդիրն այստեղ հենց նպաստը խլելը չէ, այլ այն, որ պետությունը ոչինչ չի արել այս ընտանիքների համար, բայց եղած չնչին աջակցությունն էլ կտրել է։
Գորիսում և ամբողջ մարզում ոչ մի մասսայական աշխատատեղ չի ստեղծվել։ Երբ աշխատանքի հնարավորություն չես ստեղծում, բայց նպաստն էլ խլում ես, աղքատ ընտանիքների վիճակն ավելի է աղքատանում։ Հուլիսի 1-ից այս նույն համակարգը տարածվելու է ամբողջ երկրով, այնպես որ՝ հուլիսի մեկից մյուս մարզերի հազարավոր ընտանիքներ կառավարության թեթև ձեռքով սկսելու են «կայծակնային հարստանալ», - գրել է Յոլյանը։
Նշենք, որ Համաշխարհային բանկը 2025 թվականի նոյեմբեր ամսվա իր ուսումնասիրության մեջ կանխատեսել էր Հայաստանում աղքատության մակարդակի նվազում՝ ըստ գնողունակության պարիտետի (օրական 8.3 դոլար՝ 2021թ. թարմացված ցուցանիշ) ՝ 2024թ. 56.2%-ից մինչև 53.1% 2027թ.։
Հետազոտության համաձայն, 2023 թվականին Հայաստանի գյուղերում աղքատության մակարդակը կազմել է 63,3 տոկոս, քաղաքներում՝ 52 տոկոս։ Երկրի աղքատ բնակչության 45% - ը բնակվել է գյուղերում, ինչը կազմում է Հայաստանի ողջ բնակչության 41%-ը: Ըստ աղբյուրի՝ Հայաստանում աղքատության մակարդակը 2022 թվականին ըստ գնողունակության պարիտետի ցուցանիշի կազմել է 55.7%, 2023 թվականին՝ 56.9%, 2024 թվականին՝ 56.2%: