
ՀԱՊԿ քաղաքականությունը Հայաստանի նախագահությամբ արմատապես փոփոխության չի ենթարկվի, բայց կարող են փոփոխվել կազմակերպության անդամների որոշ շեշտադրումները: Փետրվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:
Նրա կարծիքով, կազմակերպության նոր գլխավոր քարտուղարը, որը կլինի Հայաստանի ներկայացուցիչը, նույնպես չի կարող լրջորեն ազդել կառույցի գործունեության վրա: «Սակայն, նա կարող է իր նախագահության ընթացքում ազդել որոշումների ընդունման վրա, ինչն արդեն դրական է»,-նշել է Հարությունյանը: Միևնույն ժամանակ, նա չի ցանկացել մեկնաբանել լուրերն այն մասին, որ հենց ինքը կարող է նշանակվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: «Ես ձեռնպահ կմնամ նման մեկնաբանույթուններից»,-հայտարարել է նա:
Հարությունյանն անհիմն է համարել նաև այն մտահոգությունները, որ Հայաստանը կարող է 102-րդ ռազմական բազայի միջոցով ներգրավվել ռուս-թուրքական հակամարտության մեջ: «Եթե այդ բազան տեղակայված չլիներ Հայասանում, թուրքական քաղաքականությունը մեր նկատմամբ կարող էր լինել ավելի ագրեսիվ»,-գտնում է նա: փորձագետը հայտարարել է նաև, որ ռուս-թուրքական բախումները չեն կարող փչացնել հայ-թուրքական հարաբերությունները: «Սրանից էլ վատ չի էլ կարող լինել»,-նշել է նախկին նախարարը:
Նա մեկնաբանել է նաև 2016 թվականի մարտի 21-ի ռուս-թուրքական պայմանագրի չեղարկման մասին ռուս կոմունիստների նախաձեռնությունը: «Դա կարող է բերել Նախիջևանի կարգավիճակի փոփոխության, ինչը կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ»,-նշել է Հարությունյանը և խորհուրդ տվել սպասել ռուսական իշխանոթյունների որոշմանը:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի Կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին, առաջարկելով չեղարկել Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը, որն ստորագրել էին ՌԽԴՍՀ կառավարոթյունը և Թուրքիայի իշխանությունները: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ գերատեսչությունը կուսումնասիրի պատգամավորների առաջարկը: Այդ պայմանագրով Թուրքիայի կազմում ընդգրկվեցին նախկին Կարսի նահանգը և նախկին Բաթումի նահանգի հարավային մասը, ինչպես նաև Էրիվանի նախանգի Սուրմալուի շրջանը, Արարատ լեռան հետ միասին: