
Արմինֆո.Կայուն զարգացման Համբուրգյան համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել բարձր մակարդակի կլոր սեղանին, որը կրում էր «Բնապահպանական հանցագործություններ. սպառնալիքներ կայուն զարգացմանը» խորագիրը։
Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, իր ելույթում Աբիսողոմոնյանն անդրադարձել է այս տարի Հայաստանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ ընդգծելով դրա առանցքային դերը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի իրականացման և դրա առաջին գլոբալ տեսության, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանման, կայուն զարգացման և իրավունքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման գործում։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարի կարևորությունը՝ որպես կենսաբազմազանության ոլորտում գլոբալ նպատակների ձեռքբերման առանցքային բաղադրիչ։
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ խթանելու ներառական և արդյունքահեն քննարկումները, որոնք ուղղված են միջազգային համագործակցության ամրապնդմանը, և քրեական արդարադատության ինստիտուտների դերին՝ կենսաբազմազանության պաշտպանության գործում։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 31-ին Կալիում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանը ընտրվել է որպես 17-րդ համաժողովը հյուրընկալող երկիր։ Այս ընտրությունը հաստատում է միջազգային հանրության աճող վստահությունը Հայաստանի նկատմամբ՝ որպես գլոբալ բնապահպանական գործընթացների կարևոր դերակատարի։ Հայաստանի վրա այժմ դրված է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի շրջանակներում միջազգային ջանքերի համակարգման և առաջմղման պատասխանատվությունը՝ նպաստելով մարդկության առջև ծառացած ժամանակակից բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը։
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան հանդիսանում է երեք առանցքային միջազգային բնապահպանական կոնվենցիաներից մեկը, որն ուղղված է միջազգային հանրության ջանքերի կարգավորմանը՝ էկոլոգիական կայունության ապահովման, կենսաբանական բազմազանության պահպանման, էկոհամակարգերի վերականգնման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ուղղությամբ։ Կոնվենցիայի Կողմերի համաժողովները հանդիսանում են խոշորագույն գլոբալ բնապահպանական միջոցառումներից, որոնք անցկացվում են երկու տարին մեկ, և որոնց ընթացքում մասնակից երկրները մշակում են մեխանիզմներ Կոնվենցիայի դրույթների իրականացման համար և ստանձնում են նոր պարտավորություններ՝ բնական ռեսուրսների պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Համաժողովների աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում՝ ոչ կառավարական կազմակերպությունների, բնիկ ժողովուրդների, գիտական համայնքի, կանանց և երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչները։