Կարծում եմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բոլոր ջանքերը գործադրում է երկրի զարգացման ուղղությամբ, փետրվարի 15-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Ծնողազուրկ երեխաների անհատական զարգացման հավասար հնարավորություններ՚ ծրագրի վերաբերյալ իրազեկման նպատակով առաջին գիտաժողովի շրջանակներում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյան ելույթը:
Ըստ որում, ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ իր աջակցությունն է հայտնում Հայաստանի նախագահի յուրաքանչյուր ելույթում ցանկացած դրական տարրի: Նա հավաստիացրել է, որ ԵՄ-ն կաջակցի թե՛ նախագահի, թե՛ կառավարության, թե՛ շահագրգիռ բոլոր կողմերի ցանկացած ջանքի:
Նա հիշեցրել է նաև, որ ԵՄ-ն հանդես է եկել Եվրամիության անդամ երկրների Հայաստանում հավատարմագրված բոլոր ներկայացուցիչների անունից ընդհանուր հայտարարությամբ, որում բոլոր շահագրգիռ կողմերի` կառավարության, կառավարող կուսակցության և ընդդիմադիր ուժերի ուշադրությունը հրավիրել է ԵԱՀԿ հանձնարարականների և դրանք նոր Ընտրական օրենսգրքում ներառելու անհրաժեշտության վրա:
Միաժամանակ անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկայիս փուլին՝ եվրոպացի դիվանագետը նշել է, որ թե՛ Երևանը, թե՛ Բրյուսելը համակարծիք են, որ պետք չէ առաջ ընկնել և խոսել կողմերի միջև իրավական փաստաթղթի կնքման վերջնական ժամկետների մասին: Դիվանագետը տեղեկացրել է, որ անձամբ ներկա է գտնվել բանակցությունների առաջին փուլին:
ՙԱյժմ ընթանում է երկրորդ փուլը: Բանակցային փուլի ժամանակացույցը համաձայնեցված է մինչև տարեվերջ: Հետևաբար՝ ընդհուպ այս տարվա վերջը մենք ունենք աշխատանքային ծրագիր՚,- ասել է Սվիտալսկին:
Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ազդարարեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը։