
Արմինֆո. Բրյուսելն անտեսել է զանգվածային ձերբակալությունները, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները և ընտրությունների կեղծումը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարելու համար. այսպիսի կարծիք ունի միջազգային իրավապաշտպան, «Amsterdam & Partners» իրավաբանական ֆիրմայի կանադացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
Նա արձանագրել է, որ Փաշինյանին չի հաջողվել մեծամասնություն ստանալ՝ չնայած ԵՄ միջամտությանը, որն ինքը կարող է բախվել դատական հետապնդման՝ Հայաստանի վարչապետին աջակցելու համար։
Ամստերդամը հավելել է, որ «Amsterdam & Partners LLP» իրավաբանական ֆիրման պնդում է, թե Բրյուսելը նպաստել է մի կառավարության լեգիտիմացմանը, որը տապալում է ժողովրդավարական ինստիտուտներն ու հիմնարար իրավունքները։
Ամստերդամը հավելել է նաև, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին հասցեագրված նամակում ֆիրման, որը ներկայացնում է «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի շահերը, պնդում է, որ ԵՄ-ն Փաշինյանին ցուցաբերել է անվերապահ քաղաքական աջակցություն՝ չնայած քաղաքական հակառակորդների, կրոնական հաստատությունների և անկախ ձայների դեմ իրականացվող տևական արշավին։
Նամակում նշվում է, որ ներկայիս կառավարության օրոք տեղի են ունեցել հարյուրավոր քաղաքականապես մոտիվացված ձերբակալություններ, և որ ԵՄ-ն շարունակում է սատարել Փաշինյանին՝ քաջատեղյակ լինելով ընդդիմադիր գործիչների, հոգևորականության և քաղաքացիական հասարակության քննադատների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ աճող մտահոգություններին։
Իրավաբանական ֆիրման պնդում է, որ ԵՄ-ն աչք է փակել երկրի կարևորագույն ազգային ինստիտուտներից մեկի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ կառավարության արշավի վրա՝ միաժամանակ շարունակելով Հայաստանը ներկայացնել որպես հաջողված ժողովրդավարական զարգացման օրինակ։
Բրյուսելը չի կատարել իր սեփական իրավական պարտավորություններն ու ժողովրդավարական չափանիշները՝ լեգիտիմացնելով ընտրությունները, որոնց արդյունքները մինչ օրս վիճարկվում են Սահմանադրական դատարանում, և հրաժարվելով կիրառել նույն խիստ վերահսկողությունը, որը սովորաբար պահանջվում է այլ երկրներում։ Սահմանադրական հայցը գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» ջանքերի մի մասն է՝ սպառելու ներպետական իրավական պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները։ Այնուամենայնիվ, տեղական դատարաններում Կարապետյանի դատական գործընթացները ղեկավարող Արամ Վարդևանյանն ընդգծել է, որ այս վարույթների սկիզբը չպետք է մեկնաբանվի որպես վստահություն այն մարմինների անկախության նկատմամբ, որոնք որոշում են կայացնելու դրանց վերաբերյալ»,- նշել է Ամստերդամը։
Նամակում նաև պնդվում է, որ ԵՄ պաշտոնատար անձինք փոխգործակցել են գրեթե բացառապես Հայաստանի կառավարության հետ՝ կառուցողական երկխոսության մեջ չմտնելով ընդդիմադիր կուսակցությունների և այլախոհ խմբերի հետ, և այդպիսով կանխորոշել են ցանկալի քաղաքական արդյունքը դեռևս այն բանից առաջ, երբ ընտրությունների արդյունքները պատշաճ կերպով կստուգվեին։
«Չնայած ԵՄ միջամտությանը և կառավարության կողմից թույլ տրված խախտումներին, Փաշինյանին չհաջողվեց ստանալ ընտրողների մեծամասնության աջակցությունը։ Նույնիսկ լայն միջազգային աջակցության պարագայում կառավարությունը չկարողացավ ստանալ նույնիսկ ձայների կեսը, մինչդեռ ընտրողների մեծամասնությունը քվեարկեց ընդդիմության օգտին»,- ասված է Ամստերդամի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Եվրոպական միությունը հանդես չի եկել չեզոք դիտորդի դերում։ Նա որոշել է դաշինք կազմել մի կառավարության հետ, որը զբաղված էր զանգվածային ձերբակալություններով, հալածում էր քննադատներին, հարձակվում էր եկեղեցու վրա և թուլացնում էր ժողովրդավարական երաշխիքները։ Բրյուսելը չի կարող հավակնել ժողովրդավարության պաշտպանի դերին՝ անտեսելով այս չարաշահումները և հրաժարվելով լրջորեն լսել ընդդիմությանը։ ԵՄ գործողություններն օգնեցին պաշտպանել այս կառավարությանը պատասխանատվությունից»,- հայտարարել է Ամստերդամը։
Հավելվում է, որ ռուսական միջամտությանը դիմակայելու պատրվակով տիկին ֆոն դեր Լայենը գլխավորել է մի արշավ, որն ուղեկցվել է միջամտություններով, երկակի ստանդարտներով և իրավունքի գերակայության տապալմամբ։ «Եվրոպական միության վարքագիծը վարկաբեկում է հենց այն սկզբունքները, որոնց օգտին նա հանդես է գալիս, և վտանգի տակ է դնում Հայաստանի բուն գոյությունը»,- ասված է հայտարարության մեջ։