


Ադրբեջանը միշտ փորձում է Լեռնային Ղարաբաղի բաղադրիչը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկումներում, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար, ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը:
Նրա խոսքով, ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական անվանակարգերի քննարկումների ժամանակ Թուրքիան և Ադրբեջանը միշտ ուժեղ ճնշում են գործադրում: ՙԵրկու կողմերն էլ ակտիվորեն պայքարել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում լավաշի, ՙՍասունցի Դավիթ՚ էպոսի, խաչքարի ներառման դեմ՚,- պատմել է Կաժոյանը:
ՙԿան երկրներ, որոնք փորձում են քաղաքականացնել հարցերը ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Մենք միշտ ուշադրությունը հրավիրում ենք այն բանի վրա, որ այդ կազմակերպությունն զբաղվում է գիտության, կրթության և մշակույթի հարցերով: Մինչդեռ Ադրբեջանը միշտ փորձում է Լեռնային Ղարաբաղի բաղադրիչը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկումներում: Մեզ մնում է միայն հիշեցնել, որ ղարաբաղյան հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՚,- նշել է նա:
Հատկանշական է, որ անցած տարի ՙՔոչարի. ավանդական խմբապար՚ հայկական անվանակարգի հարցում Թուրքիան ակտիվ դեր չի խաղացել հակաքարոզչության հարցում: ՙՍակայն, ադրբեջանցիները կոռեկտ չեն աշխատել, և տեղեկատվությունը, որը նրանք տարածում էին, մեծամասամբ իրականությանը չի համապատասխանել: Մենք Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի ուշադրությունը հրավիրել ենք այն բանի վրա, որ Ադրբեջանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անվան տակ, կեղծիք է տարածքում՚,- ընդգծել է Կաժոյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառվել էին լավաշը, «Սասունցի Դավիթ՚ ազգային էպոսը, խաչքարի արվեստը և դուդուկի երաժշտությունը: Մոտավորապես 2017 թվականին Հայաստանը կրկին ՙՔոչարի. ավանդական խմբապար՚ հայտ կներկայացնի:
Տարբեր տարիների ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառվել են Հայաստանում գտնվող Գեղարդի վանքը և Ազատ գետի հովիտը, Էջմիածնի Մայր Տաճարը, Զվարթնոցի հնագիտական հուշարձանը, Հաղպատի և Սանահինի վանքերը:


