
Արմինֆո. ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ Իսրայելի նախարարների կաբինետի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ։
Հայ Դատի Կենտրոնական կոմիտեի հայտարարության մեջ արձանագրվում է, որ Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն հավանություն է տվել երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին նախագծին։
«Ըստ հաղորդումների՝ ճանաչման մասին բանաձևի նախագիծն այժմ ուղարկվելու է խորհրդարան՝ ընդունման համար։ Նախարարն իր ելույթում նշել է, որ նախկինում ևս եղել են նման նախաձեռնություններ, որոնք, սակայն, չեն հասել իրենց տրամաբանական ավարտին։
Նախարարը նաև հայտարարել է, որ սա պատասխան ռեակցիա չէ Թուրքիայի նախագահի ղեկավարությամբ Իսրայելի դեմ ուղղված «սարսափելի հռետորաբանությանն ու թշնամական քայլերին»՝ հավանաբար ակնարկելով ոչ միայն Թուրքիային, այլև միջազգային հանրության անդամների բազմաթիվ արդարացի պնդումներն այն մասին, որ Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացնում պաղեստինցի ժողովրդի նկատմամբ», - ասված է հայտարարության մեջ։
Միաժամանակ հավելվում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ բազմաթիվ հրեա գործիչներ այդ մասին խոսել են դեռևս Ցեղասպանության օրերին՝ որպես ականատեսներ, իսկ հետագայում՝ որպես մտավորականներ, քաղաքական գործիչներ և կուսակցություն («Մերեց»)՝ Իսրայել պետությունից պահանջելով Հայոց ցեղասպանության ճանաչումը, նախարար Սաարը ճիշտ է, երբ պնդում է, որ երբեք ուշ չէ ճիշտ վարվել, քանի որ դա և՛ բարոյական, և՛ պատմական պարտք է։
«Եթե և երբ այս նախաձեռնությունը հասնի իր տրամաբանական ավարտին, և Իսրայելի խորհրդարանը նույնպես հաստատի Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես պետական դիրքորոշում, մենք կողջունենք նման դիրքորոշումը՝ միաժամանակ կրկնելով նախարար Սաարի՝ Թուրքիային հասցեագրված տրամաբանությունը, որ նման ճանաչումը <նրան (տվյալ դեպքում՝ Իսրայելին) անձեռնմխելիություն չի տալիս պատմական ճշմարտություններից>, ներառյալ նրա մեղսակցությունը Արցախում հայության դեմ գործված հանցագործություններին։ Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած Իսրայելը կստանձնի իր պատասխանատվությունը՝ նպաստելով հիշատակի հավերժացմանը և պայքարելով դրա ժխտման դեմ», - ասված է ՀՅԴ հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել Իսրայելի այս նախաձեռնության խիստ քննադատությամբ։