


Արմինֆո.Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Իսրայելի նախարարների կաբինետի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման առաջարկի միաձայն հավանության արժանացմանը։
Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի կառավարությունը, որը ողջ աշխարհի աչքի առջև պաղեստինցի ժողովրդի դեմ համակարգված հալածանքներ է իրականացնում և Գազայի բնակիչների նկատմամբ ցեղասպանություն իրագործելու մեղադրանքով գտնվում է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի քննության ներքո, 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ընդունած իր քաղաքական բանաձևով ձգտում է քողարկել սեփական հանցագործությունները։
«Այս չարամիտ նախաձեռնությունը, որն անտեսում է իրավական և պատմական փաստերը, ակնառու կերպով ի ցույց է տալիս այն դրությունը, որում հայտնվել են Նեթանյահուն և նրա հանցակիցները, որոնց նկատմամբ պաղեստինցիների դեմ իրագործված հանցագործությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում կալանավորման օրդերներ են տրվել։
Թուրքիան այսուհետ ևս վճռականորեն աշխատելու է տարածաշրջանում Իսրայելի ծավալապաշտական և ապակայունացնող քաղաքականությանը վերջ դնելու, ինչպես նաև այն ուղղությամբ, որպեսզի Նեթանյահուի կառավարությունն օրենքի առջև պատասխանատվություն կրի քաղաքացիական բնակչության, առաջին հերթին՝ պաղեստինցիների դեմ գործած հանցագործությունների համար», - ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն Ցեղասպանություն է ճանաչել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները։ Նախաձեռնությունը հանդես էր բերել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ Այժմ փաստաթուղթն ուղարկվելու է Կնեսետի հաստատմանը։



