


Արմինֆո. "Հայկական խորհուրդ" վերլուծական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը և փորձագետ Սամվել Մելիքսեթյանը հունիսի 21–25-ը աշխատանքային այցով գտնվել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։
Վերլուծական կենտրոնի հաղորդագրության համաձայն, այցի շրջանակում հանդիպումներ են անցկացվել Թուրքիայի առաջատար վերլուծական կենտրոնների՝ AVIM (Center for Eurasian Studies), ANKASAM (Ankara Center for Crisis and Policy Studies), Ankara Policy Center (APM) և TEPAV (Economic Policy Research Foundation of Türkiye) ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Հայկական խորհրդի և թուրքական հետազոտական կենտրոնների միջև համագործակցության ընդլայնման, մշտական մասնագիտական շփումների և փորձագիտական երկխոսության զարգացման հնարավորությունները։
Այցի արդյունքներով ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ շարունակելու և զարգացնելու համագործակցությունը, պահպանելու կանոնավոր կապը և համատեղ աշխատելու հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող փորձագիտական օրակարգի շուրջ։



