


Արմինֆո. Եվրոպական միությունը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ պատմելով Բաքվում ունեցած հանդիպումների ժամանակ քննարկված հարցերի մասին։
«Ուրախ եմ կրկին լինել Բաքվում և բովանդակալից խորհրդակցություններ անցկացնել ադրբեջանցի գործընկերների, այդ թվում՝ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, հատուկ հանձնարարություններով նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի, ինչպես նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովի հետ։ Մեր քննարկումները նվիրված էին տարածաշրջանային գործընթացներին, Եվրոպական միության և Ադրբեջանի միջև հարաբերություններին, տրանսպորտային և լոգիստիկ հնարավորություններին, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, ինչպես նաև Ադրբեջանում և Հայաստանում Եվրոպական միության բարձր մակարդակի սպասվող շփումներին ընդառաջ առկա հարցերին։ Մենք համաձայնեցինք, որ կարևոր է պահպանել այն դրական դինամիկան, որն ստեղծվել է երկու երկրների միջև տևական խաղաղության ճանապարհին ձեռք բերված պատմական նվաճումներով։ Եվրոպական միությունը կշարունակի աջակցել այս գործընթացին», - նշել է Գրոնոն։



