
Արմինֆո. Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերահաստատեցին երկրի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին: Այդ մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ելույթ ունենալով Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովում ՝«Արդարադատության համակարգի բարեփոխումը գլոբալ մարտահրավերների պայմաններում. Հայաստանի Հանրապետության փորձը» խորագրի ներքո:
Համաժողովի ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումները և ոլորտի զարգացման առաջնահերթությունները: Մասնավորապես, հիշատակվել է մինչև 2 մլն դրամ գույքի բռնագանձման պահանջներով գործերի հանձնումը նոտարներին, ինչի արդյունքում նվազել է դատարանների ծանրաբեռնվածությունը ։ Սահմանվել են քաղաքացիական և վարչական գործերի քննության ողջամիտ ժամկետներ: Ընդգծվել է վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների զարգացումը, մասնավորապես ներդրվել են արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտները: Պարտադիր հաշտարարության ներդրումը նպաստել է դատարաններում քննվող ընտանեկան գործերի թվի զգալի նվազմանը: Ներկայացվել են նաև արդարադատության համակարգի թվայնացման աշխատանքները, այդ թվում ՝ դատական քննության էլեկտրոնային համակարգերի ներդրումը, իրավական տեղեկատվական համակարգերի արդիականացումը, թվային ծառայությունների զարգացումը և նոր էլեկտրոնային բիզնես ռեեստրի գործարկումը: Նախարարը խոսել է նաև կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող բարեփոխումների մասին. ներդրվել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման նոր մեխանիզմ, խստացվել են պաշտոնատար անձանց ներկայացվող բարեվարքության պահանջները, ներկայացվել է այլընտրանքային խափանման միջոցների և պատժատեսակների կիրառման փորձը, այդ թվում՝ տնային կալանքը և վարչական հսկողությունը։
Ելույթի ավարտին Սրբուհի Գալյանը նշել է, որ արդարադատության համակարգի արդյունավետ բարեփոխումը հնարավոր է ինստիտուցիոնալ փոփոխությունների, թվային լուծումների և միջազգային համագործակցության համադրման միջոցով՝ կարևորելով փորձի փոխանակման և մասնագիտական երկխոսության շարունակական զարգացումը։