


Արմինֆո. Աշխարհահռչակ իրանցի օպերատոր Մահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տարածաշրջանային մրցույթի ժյուրին:
Կինոփառատոնի պատվավոր հյուրերի թվում եղել են ժամանակակից իրանական կինոյի ռահվիրաները՝ Աբաս Քիառոստամին, Մոհսեն Մախմալբաֆը, Ջաֆար Փանահին և Ասղար Ֆարհադին, իսկ Մահմուդ Քալարին այն մարդն է, ով տեսախցիկը ձեռքին նկարահանել է այս վարպետների բազմաթիվ ֆիլմեր:
1980-ական թվականներից ի վեր Քալարին մասնակցել է ավելի քան վաթսուն կինոնկարի ստեղծմանը, իսկ լուսանկարչության ոլորտում նրա աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում:
Ասղար Ֆարհադիի «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը», Ջաֆար Փանահիի «Օֆսայդը», Դարիուշ Մեհրջուիի «Լեյլան» և Աբաս Քիառոստամիի «Ձիթենիների միջով» ֆիլմերը միայն մի քանիսն են այն հայտնի կինոնկարներից, որոնք Մահմուդ Քալարին օգնել է կյանքի կոչել էկրանին:
Տարածաշրջանային մրցութային ծրագրում ներկայացված են հետևյալ ֆիլմերը. «Ապահով ելք» (Եգիպտոս, Գերմանիա,Լիբիա,Կատար,Թունիս), ռեժիսոր՝ Մոհամեդ Համմադ; «Հաբիբի Հուսեյն» (Գերմանիա, Պաղեստին,Սաուդյան Արաբիա,Շվեդիա), ռեժիսոր՝ Ալեքս Բաքրի; «Այստեղ, այլուր» (Բելգիա, Գերմանիա), ռեժիսոր՝ Կոմս Շահբազյան; «Ամիրի հոգում» (Իրան), ռեժիսոր՝ Ամիր Ազիզի; «Արևմտամոլները» (Կանադա, Իրան), ռեժիսոր՝ Գիլդա Փուրջաբար եւ այլն։
Հիշեցնենք, որ այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնն անցկացվելու է Երևանում՝ հուլիսի 12-19-ը։ Կինոդիտումների հիմնական հարթակներն են լինելու «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոնները, ինչպես նաև Կինոյի տունը։



