


Արմինֆո. Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, փոխել է արցախցի լեգենդար հետախույզ, «Ուժեղ Հայաստանի» անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանի (Կանդազ) խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանք։ Համապատասխան որոշումը կայացվել է հունիսի 25-ի նիստում։ Հայաստանի դատարանը նրա նկատմամբ կիրառել է նաև երկրից չհեռանալու մասին ստորագրություն։
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Հակակոռուպցիոն կոմիտեում հայտարարել էին, որ արցախցի լեգենդար հետախույզ, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Արթուր Ավանեսյանն (Կանդազ) ու ևս մի քանի հոգի ձերբակալվել են ընտրակաշառքի գործի շրջանակներում։ Համաձայն հրապարակված հաղորդագրության՝ գործը հարուցվել էր Ավանեսյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հիման վրա։ Ապրիլի 28-ին փաստաբան Արամ Վարդևանյանը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Արթուր Ավանեսյանը (Կանդազ) երկու ամսով կալանավորվել է։



