
Արմինֆո. Այսօր Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև անցյալ տարի հայտարարված այսպես կոչված «խաղաղության» համաձայնագիրը ներկայացվում է որպես առաջընթաց, մինչդեռ իրականում դա Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների ամրագրումն է։
Այս մասին Կապիտոլիումի բլրի վրա կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Նա նշել է, որ հայ պատանդների գերության մեջ գտնվելու 1000-րդ օրը ANCA-ն վերահաստատում է խաղաղության՝ իսկական և արդար խաղաղության իր կոչը։
«Այսօր այստեղ՝ Վաշինգտոնում, անցյալ տարի հայտարարված այսպես կոչված «խաղաղության» համաձայնագիրը ներկայացվում է որպես առաջընթաց: Իրականում դա Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների ամրագրումն է։ Վերջին պատերազմի օրինականացումը։ Նախերգանք հաջորդ պատերազմին։
Ադրբեջանի կողմից պատանդներ վերցնելու, հայկական տարածքների օկուպացիայի, 1-ին դարով թվագրվող քրիստոնեական սրբավայրերի ավերման և արցախցի փախստականների՝ սեփական տուն վերադառնալու իրավունքի խոչընդոտման արդարացում»,- նշել է Համբարյանը։
Միևնույն ժամանակ, նա արձանագրել է, որ սա պատրանքային խաղաղություն է, որն ամրապնդում է Ադրբեջանի ցեղասպան ձեռքբերումները և զրկում ազատ ժողովրդին իրենց բնիկ հողեր վերադառնալու հնարավորությունից
«Եթե մենք այսօր ամերիկյան փողերով պարգևատրենք ադրբեջանական ագրեսիան, վաղը կքաղենք ադրբեջանական նորացված ագրեսիայի դառը բերքը: Բռնություն՝ ֆինանսավորվող ամերիկյան հարկատուների հաշվին, ի վնաս ամերիկյան շահերի, և էլ ավելի շատ հայկական կյանքեր ու հողեր։ Բոլոր ծախսերն ընկնում են հայերի ուսերին։ Բոլոր օգուտները բաժին են հասնում Բաքվին։ Հայաստանի ամեն մի նոր զիջում բախվում է Ադրբեջանի նոր պահանջներին։ Մինչդեռ, իսկական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է պատասխանատվություն»,- հավելել է սփյուռքյան կազմակերպության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ սկսած Վաշինգտոնից՝ ԱՄՆ Կոնգրեսը պետք է ապահովի. 1000 օր ապօրինի պահվող և դաժան վերաբերմունքի արժանացող հայ պատանդների ազատ արձակումը. ինքնիշխան Հայաստանի տարածքն օկուպացրած ադրբեջանական զորքերի դուրսբերումը. հայերի վերադարձը Արցախ՝ անվտանգ վայր՝ միջազգային մանդատի ներքո. հնագույն քրիստոնեական սրբավայրերի պաշտպանությունը, որոնք բուլդոզերներով քանդվում են ողջ Արցախում. Ադրբեջանի նկատմամբ 907-րդ բանաձևի համաձայն պատժամիջոցների կիրառումը. ամերիկյան հարկատուների օրենսդրական պաշտպանությունը քրիստոնյաների հալածանքներին մեղսակից լինելուց:
«Բաքուն պնդում է, թե այդ պահանջները խոչընդոտում են խաղաղության համաձայնագրին։ Մենք գիտենք, որ դրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է արդարության, մարդու իրավունքների և դավանանքի ազատության վրա հիմնված տևական ու իսկական խաղաղության կարևորագույն շինարարական հիմնաքարը»,- եզրափակել է ANCA-ի գործադիր տնօրենը։