


Արմինֆո. Քաղաքականության մեջ խորհրդանիշները երբեմն ավելի շատ բան են ասում, քան պաշտոնական հայտարարությունները: Այս մասին իր հոդվածում գրում է քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը:
Նա հիշեցրել է, որ նախօրեին եվրոպական հանձնակատար Մարտա Կոսը հանդիսավոր կերպով հայտարարել է ԵՄ հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակի ժամանման մասին՝ հրապարակելով լուսանկար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ, ով ձեռքում ծիրան է պահում։
«Արդյո՞ք սա այն Հայաստանն է, որը մենք ցանկանում ենք ներկայացնել աշխարհին: Երբ Հայաստանի եվրոպական «հաջողության պատմությունը» ներկայացվում է մի քանի ծիրանով՝ ենթակառուցվածքների, արդյունաբերության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտային միջանցքների և ռազմավարական նախագծերի փոխարեն, խոսքը միայն գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մասին չէ։ Խոսքը երկրի խորհրդանշական դիրքավորման մասին է։ Աշխարհում պետությունները միմյանց հետ մրցում են արհեստական բանականությամբ, միկրոչիպերով, ատոմային էներգետիկայով, լոգիստիկ կենտրոններով և տեխնոլոգիական էկոհամակարգերով։ Այս ֆոնին մեզ կոչ են անում հպարտանալ, որ հայկական ծիրանը հասել է Եվրոպա»,- ընդգծել է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ ծիրանը հրաշալի մթերք է, հայկական մշակույթի կարևոր խորհրդանիշ։ Եվ այս գործողության քաղաքական հաշվարկն ավելի քան ակնհայտ է։ Բայց երբ ծիրանը հայտնվում է բացառապես պետության արտաքին տնտեսական կապերի կենտրոնում, այն, գիտակցաբար թե ակամա, դիրքավորվում է որպես ագրարային ծայրամաս, այլ ոչ թե արդյունաբերական, տեխնոլոգիական և ինժեներական ներուժ ունեցող երկիր։
«Այստեղ ամենախոսունը հենց լուսանկարն է։ Այն փաստացիորեն արտացոլում է եվրոպացիների կողմից Հայաստանի ծայրամասային ընկալումը։ Նույն լուսանկարը կարող էր արվել հայ ֆերմերի, բայց ոչ ենթակառուցվածքների նախարարի պատկերով»,- նշել է Վահե Դավթյանը։



