
Արմինֆո. Հասարակության բարոյալքման դասական մեթոդներից մեկը ազգային հիշողության և ազգային հերոսների արժեզրկումն է։ "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորության թեկնածու Արեգա Հովսեփյանն այդպես է մեկնաբանել տեղեկություններն այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը սկսել է ջնջել մայրաքաղաքի տարբեր անկյուններից Հայաստանի ազգային հերոսների պատկերը։
Ավելի վաղ քաղաքացիները սկսել էին ահազանգել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Արցախի հերոս, "Ոսկե արծիվ" շքանշանակիր Ռոբերտ Աբաջյանի նկարը մաքրել են Երևանի պետական համալսարան տանող գետնանցումի պատից: Հաղորդվել է հերոսների պատկերների ոչնչացման մասին նաեւ Երեւանի այլ անկյուններում։
Հովսեփյանն արձանագրել է, որ քաղաքագիտության և սոցիալական հոգեբանության մեջ վաղուց հայտնի է, որ ժողովուրդների դիմադրությունը հիմնված է ոչ միայն բանակի կամ տնտեսության, այլև հավաքական հիշողության վրա:
"Երբ պետական կառույցները վերացնում կամ ստվերում են ազգային հերոսների կերպարները, դա ընկալվում է որպես քաղաքական ուղերձ՝ զրկել հասարակությանը օրինակելի մոդելներից, թուլացնել ազգային ինքնագիտակցությունը և խզել կապը սերունդների միջև: Իր հերոսներին մոռացող ժողովուրդը հեշտությամբ կորցնում է և արժանապատվությունը, և ինքնավստահությունը, և պայքարելու կամքը։ Այդ իսկ պատճառով ազգային հերոսների հիշատակը միայն պատմության հարց չէ. դա ազգային անվտանգության, պետականության և ապագայի հարց է:
Կեղծարար Նիկոլի կառավարությունը 2018 թվից նսեմացնում է մեր հերոսներին և մեր հաղթանակները ։ Որովհետև սեփական հաղթանակները մոռացող հասարակությանը հեշտ է համոզել, որ մենք թույլ ենք, միշտ պարտվել ենք և միշտ պարտվելու ենք։ Հեշտ է վախեցնել պատերազմով, երբ մոռանում ես հաղթանակների մասին", - գրել է նա Facebook-ի իր էջում։
Երևանի քաղաքապետարանում, անդրադառնալով իրավիճակին, հայտարարել են, որ որոշում է կայացվել վերացնել բոլոր գրաֆիտիները, որոնք պատկերվել են առանց քաղաքապետարանի համապատասխան թույլտվության: Սակայն, իրականում, քաղաքում շրջելիս ակնհայտ է դառնում, որ մաքրել են միայն պատերազմի հերոսների պատկերները, իսկ անհասկանալի բովանդակությամբ անհասկանալի դեմքերով նկարված գրաֆիտիներն ու գրությունները շարունակում են այլանդակորեն սպառնալ քաղաքին: