


Արմինֆո. Գյումրիից Մոսկվա չվերթն իրականացնող "Պոբեդա" ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքի փաստի առթիվ նախաքննական ստուգում է կազմակերպվել, իրավապահները պարզում են հերմետիկության կորստի տվիչի սխալ գործարկման պատճառներն ու պայմանները: Այդ մասին ասվում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի տրանսպորտի Արևմտյան միջտարածաշրջանային քննչական վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում արձանագրել են, որ Գյումրի - Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը, ըստ նախնական տվյալների, հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում ՝ հերմետիկության կորստի տվիչի սխալ գործարկման պատճառով: Նշվում է նաև, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Ընդ որում, Մախաչկալայում "Պոբեդայի" պաշտոնական ներկայացուցիչը ԶԼՄ-ներին հաղորդել է, որ ինքնաթիռում եղել է 186 մարդ, նրանց նախատեսվում է տեղափոխել մեկ այլ ինքնաթիռ և ուղարկել վերջնական նշանակման վայր:
Հիշեցնենք, որ ավիաընկերության ինքնաթիռը Գյումրիից մեկնելուց մոտ մեկ ժամ անց (տեղական ժամանակով ժամը 12:35-ին) աղետի ազդանշան է տվել Դաղստանի երկնքում և ուղարկվել է վայրէջքի Մախաչկալայի օդանավակայան:



