


Արմինֆո. Բուլղարիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը Բուլղարիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իվանկա Տաշևայի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առաջնահերթ ոլորտներում:
Ինչպես հաղորդում է Բուլղարիայում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը, հարցերը քննարկվել են 2026թ.մայիսին Բուլղարիայի և Հայաստանի միջև կնքված ռազմավարական գործընկերության համատեքստում: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացման հեռանկարները:
Տաշևան նշել է, որ Բուլղարիան բարձր է գնահատում Հայաստանի հետևողական հանձնառությունը եվրոպական արժեքներին և ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը ՝ չնայած անվտանգության ոլորտում առկա բարդ իրավիճակին և տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական համալիր համատեքստին: Բուլղարական կողմը վերահաստատել է իր փորձը հայկական կողմին փոխանցելու պատրաստակամությունը՝ ի աջակցություն Հայաստանի եվրոպական ուղու:
Նշենք, որ ս.թ. մայիսի 3-ին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում կայացած բանակցությունների արդյունքում ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր:



