
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (դատավոր՝ Աղասի Դարբինյան) այսօր բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։ Այդ մասին հաղորդել է Փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, որտեղ կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանի կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին Եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության թիվ 797-Ն որոշմամբ նախատեսված կարգով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։
Ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները՝ նույնիսկ չներկայանալով դեպքի վայր և չիրականացնելով կառավարության որոշմամբ նախատեսված ստուգողական միջոցառումները։
Վարչական դատարանը հստակ արձանագրել է, որ Ոստիկանությունը պարտավոր էր ստացված դիմումների հիման վրա ներկայանալ եկեղեցու տարածք և կատարել օրենքով նախատեսված գործողությունները։
Առանց դեպքի վայր այցելելու և օրենքով սահմանված ընթացակարգը կատարելու ոստիկանությունը իրավասու չէր եզրակացնել, թե ներխուժում կա, թե չկա։ Եկեղեցու դիմումների հիման վրա գործողություններ չկատարելը հանդիսացել է ոչ իրավաչափ անգործություն։ Վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը», - գրել է Արա Զոհրաբյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ Թախմազյանն այն հոգևորականներից էր, ով միացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ծավալված հակաեկեղեցական արշավին: Նա կարգալույծ էր հռչակվել 2025 թվականի դեկտեմբերի 3-ին Վեհափառ հայրապետի դեկտեմբերի 2-ի հրամանագրով ։ Գործի հարուցման համար հիմք են հանդիսացել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի զեկույցը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պարգևների և կարգապահական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը, համաձայն որի ՝ Հայր Թադեն վարկաբեկել է Հայ Եկեղեցին և հոգևորականներին, այդ թվում ՝ հրապարակային զրպարտություն տարածելու միջոցով, կատարել հակաեկեղեցական գործողություններ, ինքնակամ բաց է թողել պատարագի այն հատվածը, որտեղ հիշատակվում են Ամենայն հայոց կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունները, անհնազանդություն է ցուցաբերել եկեղեցական իշխանություններին: