


Արմինֆո. Հայաստանի ապագային առնչվող հարցերը հավասարապես վերաբերում են նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչներին։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Արցախյան պատերազմի ժամանակ արտերկրից ժամանած մեր հազարավոր հայրենակիցներին, ովքեր իրենց մասնակցությունն ունեցան պատերազմին, իշխանությունները դիմավորել էին գրկաբաց։ Նրանցից ոմանք առաջին անգամ էին Հայաստանում, որոշներն էլ տարիներով չէին եղել հայրենիքում։
Իսկ ահա ընտրական իրավունքի իրացման դեպքում արտերկրի մեր հայրենակիցները դարձել են իշխանությունների թշնամին։
Չի կարելի Սփյուռքի մեր հայրենակիցներին հիշել միայն ճգնաժամի օրերին, իսկ երբ նրանք ցանկանում են մասնակցել երկրի կառավարման հարցերին՝ իրացնելով իրենց սահմանադրական իրավունքները, նրանց նկատմամբ թշնամանք գեներացնել։ Արտերկրում բնակվող մեր հայրենակիցները պարզապես ռեսուրս չեն․ նրանք հայ ժողովրդի անբաժանելի մասն են, և Հայաստանի ապագային առնչվող հարցերը հավասարապես վերաբերում են նաև նրանց», - ընդգծել է Մեսրոպ Առաքելյանը:
Նշենք, որ ներկա պահին իշխանական կառույցներում ակտիվ քննարկումներ են ընթանում ընտրական գործընթացներին մասնակցող անձանց նկատմամբ նստակյացության ցենզի կիրառման հարցի շուրջ: Այդ միջոցառումը նպատակաուղղված է երկրում տեղի ունեցող գործընթացներին սփյուռքի ներկայացուցիչների մասնակցության սահմանափակմանը



