


Արմինֆո. Ազգային ժողովի՝ հունիսի 17-ին հրավիրված հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը։
Փոխնախարարի խոսքով նախագծի հիմնական նպատակն է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց դատավարական իրավունքների պատշաճ ապահովումը եւ դրանց համապատասխանեցումը միջազգային չափանիշներին:
ԱԺ հաղորդագրության համաձայն, օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել, որ դատարանը կարող է արտագնա նիստ անցկացնել հոգեբուժական կազմակերպությունում այն դեպքերում, երբ անձի հոգեկան վիճակի պատճառով նրա՝ դատական նիստին մասնակցությունն անհնար է: Սա դատավորին հնարավորություն կտա անմիջականորեն տեսակցել անձին եւ լսել նրան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի ձեւավորած չափանիշներին համապատասխան:
Միաժամանակ, նախագծով սահմանվում են հստակ ժամկետներ, թե երբ պետք է քրեական վարույթը փոխակերպվի բժշկական հարկադրանքի վարույթի, եթե պարզվում է, որ մեղադրյալը հանցանքը կատարել է անմեղսունակության վիճակում կամ ունի պատժի հետ անհամատեղելի հոգեկան առողջության խնդիր: Նախաքննության փուլում քննիչը պարտավոր կլինի 24 ժամվա ընթացքում կայացնել համապատասխան որոշում, իսկ դատաքննության փուլում դատարանը կողմերի կարծիքը լսելուց հետո, սեփական նախաձեռնությամբ կամ միջնորդությամբ, որոշում կկայացնի հնարավորինս սեղմ ժամկետում:
Արդարադատության նախարարի տեղակալի խոսքով այս կարգավորումները կբացառեն անհիմն ձգձգումները, հատկապես այն դեպքերում, երբ անձը վտանգ է ներկայացնում իր եւ հասարակության համար: Այդպիսի իրավիճակներում անհրաժեշտ է հրատապ կերպով ապահովել անձի մեկուսացումը՝ բժշկական հսկողության անվտանգության միջոց կիրառելով:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը հարակից ելույթով հայտնել է, որ նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն եւ հորդորել պատգամավորներին քվեարկության ժամանակ կողմ քվեարկել օրենքի ընդունմանը:



