


Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնություն տալու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազության դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինությունների շարունակությունն է: Այդ մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հայտարարությունում:
«Սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է: Փաստորեն, երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և, հետևաբար, նախագահի ելքը սահմանափակվել էր ուղղակի հանցագործություն կատարելու միջոցով․ իսկ այսօր կառավարությանը կից դատախազությունն ինչ-որ գործ է «կարել» ու դիմել ԿԸՀ:
ԿԸՀ ինչո՞ւ էին դիմում․ միևնույն է՝ թքած ունեն օրենքների վրա. կարող էին միանգամից կառավարության որոշմամբ գործ հարուցել կամ հղում անել Փաշինյանի հանրահավաքային հիստերիկ ելույթին: Փաստացի, Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին:
Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել: Նման և ավելի վատ զարգացումների պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել», - ընդգծել է Միկոյանը:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությամբ:
Իսկ հունիսի 14-ին իշխանությունները Քոչարյանին արգելել էին լքել երկիրը։ Ընդ որում, Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակում Քոչարյանի ՝ երկրից հեռանալու մտադրության մասին նախապես հայտարարել էին, նշելով, որ քաղաքական գործիչը մտադիր է անձնական հարցերով երեք օր բացակայել երկրից: Ընդ որում, իրավապահ մարմինները մինչ օրս բացատրություն չեն տվել, թե ինչի հիման վրա է Քոչարյանին արգելվել երկրից մեկնումը:



