


Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է օրենսդրական նոր նախաձեռնություն, որը պետք է բացառի վթարներից հետո ճանապարհներին խցանումների առաջացումը: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նշելով, հենց նոր ականատես է եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել։
«Այս պահին Ազգային ժողովում քննարկվում է Երևանի ՏԻՄ նոր օրենքի նախագիծը, որը նախատեսում է կարևոր փոփոխություն․ ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեի ընթացքում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից և ամբողջությամբ ազատել ճանապարհը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վթարի հետևանքով կան մարմնական վնասվածքներ ստացած տուժածներ կամ մեքենան վնասված է այն աստիճանի, որ հնարավոր չէ տարհանել առանց քարշակի: 15 րոպեի ընթացքում ճանապարհի երթևեկելի հատվածը չազատելու պարագայում նախատեսվում է 30 հազար դրամ տուգանք վթարի յուրաքանչյուր մասնակցի համար», - գրել է քաղաքապետը:
Նշենք, որ անգամ աննշան վթարներից հետո ՃՏՊ-ի վայրում հաճախ արհեստական խցանում է առաջանում ՝ միջինը մոտ 1 ժամ տևողությամբ:



