


Արմինֆո. Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։
Կատրին Վոտրենը շնորհավորել է նախարար Պապիկյանին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, կողմերը բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքը՝ կարևորելով ձևավորված արդյունավետ գործընկերության հետագա ամրապնդումն ու զարգացումը։
Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքին, զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:
Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։



