
Արմինֆո. Հայաստանի ընդդիմությունը չի կարող և չէր էլ կարող հերթական խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնել միայն ընտրական մեխանիզմների միջոցով։ Այդ մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ "Վարդաշեն" քրեակատարողական հիմնարկից փաստաբանների միջոցով փոխանցած իր հերթական հոդվածում:
«1. Ինչպես և կանխատեսում էի, անցած ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ էլ արդար: Իսկ միակ իրականում թափանցիկ բանը քվեարկության ծրարներն էին:
2. Միայն ընտրական մեխանիզմներով ընդդիմությունը հաջողության հասնել չի կարող և չէր կարող: Փողոցային և քաղաքական տիրույթի մյուս պայքարներն իմպերատիվ են:
3. Ընտրությունները կեղծվում էին ընտրական օրվանից առաջ, նույն օրը և հետո: Նիկոլական «հաջողության բանաձևը» հստակ էր՝ ռեսուրսներ, վախ, նախընտրակաշառք և Արևմուտքի «OK»:
4. Անգամ այդքանից հետո չհասնելով ցանկալի արդյունքին՝ Փաշինյանն ուղիղ եթերում գողացավ ԲՀԿ-ի մանդատները՝ բռնանալով ժողովրդի կամարտահայտության վրա:
5. Նոր ԱԺ-ն, ուստի, լեգիտիմ չէ (որքան էլ Փաշինյանը փորձում էր մաքրվել 2021-ի ընտրություններից հետո կառավարության գործունեության արդյունքում ոչլեգիտիմության փաստից: Եթե ԱԺ-ն լեգիտիմ չէ, ուստի նրանից ածանցվող մարմինները, ներառյալ՝ կառավարությունը, և որոշումները լեգիտիմ լինել չէին կարող):
6. ԱԺ-ն և նրա հաստատվելիք կառավարության գալիք ծրագիրը նաև լեգալ չեն, քանզի հենց ամենասկզբից խարխլված են նրա ձևավորման իրավական հիմքերը (ԿԸՀ որոշումներ):
7. Ընդդիմությունն իր բոլոր բաղադրիչներով պարտավոր է գործել միասնական, և դրա ուղղությամբ կատարվող առաջին քայլերը ողջունելի են և շարունակություն պահանջող:
8. Հայտնի շրջանակների կողմից նույնիսկ այս վիճակում Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին թիրախավորելը հոգեկան հիվանդություն է հիշեցնում: Սահմանադրության հետ կապված շահարկումները ստիպում են ինձ ասել, որ «անմիաբան ընդդիմությանը Սահմանադրությունն է խանգարում»: Եթե որոշ շրջանակներ սեփական թերությունների և սխալների դեմ պայքարեին նույնքան, որքան մեր դեմ, գուցե ավելի հաջողակ լինեին:
9. Մանդատները վերցնելը և պայքարի բոլոր քաղաքական մեթոդները մեկտեղելը, կարծում եմ, ճիշտ է: Սակայն դրանից առաջ պետք է իրականացնել սեփական թեկնածուների լիարժեք և ազնիվ վեթինգ՝ կանխելու համար անխուսափելի «մանդատագողության» փորձերի հաջողությունը:
10. Հայաստանի նորանկախ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ ընդդիմության այս կամ այն ուժը մեղադրել է օրվա իշխանություններին իրենց ձայները նվազեցնելու մեջ: Սակայն առաջին անգամ է, երբ ընդդիմադիր ուժերից մեկի ձայները ոչ թե պարզապես և փաստահեն նվազեցվել են, այլ ուղիղ եթերում տեղի է ունեցել մի ամբողջ ֆրակցիայի ամպուտացիա ԱԺ-ից: Եթե նախորդ բոլոր իշխանություններին Փաշինյանը մեղադրում էր ընտրակեղծարարության մեջ, ապա հիմա նա պատմության մեջ մտավ՝ նաև որպես ընտրագող:
11. Փաշինյանի հետընտրական ագրեսիան վկայում է այն մասին, որ նա լավ գիտի, որ չի հաղթել, իսկ իր հայտարարած «հաղթանակը» սարքած է, անազնիվ: Որովհետև ազնիվ հաղթանակ տանողները փորձում են առավել սոսնձող, միաբանող, համազգային կեցվածք և կերպար ունենալ:
Հ.Գ. Հին հռոմեացիք իրենց դեմ պայքարող առաջնորդներին ասում էին. «Կա՛մ հաղթի՛ր Հռոմին, կա՛մ հանձնվի՛ր»: Մասնավորապես այդպես ավարտվեց հռոմեացի զորավար Մարիոսի հանդիպումը Միհրդատ արքայի հետ:
Նիկոլն իր քաղաքակրթական մակարդակով, անշուշտ, հռոմեացի չէ: Բայց ավելի կարևոր է այն, որ մեր իրականության մեջ հռոմեական բանաձևն այլ կերպ պիտի հնչի. «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն», - գրել է ՀՀԿ փոխնախագահը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները ։ Հունիսի 14-ին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները, որոնց համաձայն, Հայաստանի խորհրդարան են անցնում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը ՝ ընտրողների ձայների 49,7456% - ով, Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" դաշինքը ՝ 23,2710% - ով ,և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստանը" ՝ 9,9231% - ով: Գագիկ Ծառուկյանի "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը ձայների վերահաշվարկի արդյունքում չկարողացավ հաղթահարել խորհրդարանի 4 տոկոսի անցողիկ շեմը ՝ ստանալով ընդամենը 3,9893 տոկոս:
Ծառուկյանի կուսակցությունը չկարողացավ հաղթահարել շեմը այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն չեղյալ հայտարարեց երեք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, որտեղ Ծառուկյանի կուսակցությունը ստացել էր ավելի քան 200 ձայն: Այսպիսով, ըստ Հովակիմյանի, մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․ Փաշինյանի կուսակցությունը ՝ 64 մանդատ և խորհրդարանում 3/5 սահմանադրական մեծամասնություն։ Կարպետյանի դաշինքը՝ 29 մանդատ, և Քոչարյանի դաշինքը ՝ 12 մանդատ։