


Արմինֆո.«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի օպերատորական արվեստի ականավոր վարպետներից մեկը՝ «Օսկար»-ի վեցակի անվանակիր Բրյունո Դելբոնելը:
Ինչպես նշվում է փառատոնի Ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ, հենց Դելբոնելն է օգնել կերտել համաշխարհային կինեմատոգրաֆի բազմաթիվ գլուխգործոցների տեսողական ինքնությունը, որոնք աչքի են ընկնում լույսի յուրահատուկ զգացողությամբ և պատկերի բացառիկ նրբությամբ՝ Ալեքսանդր Սոկուրովի «Ֆաուստ»-ից մինչև «Ամելի» և Հարրի Փոթերի մասին ֆիլմերը:
Դելբոնելը համագործակցել է այնպիսի ճանաչված ռեժիսորների հետ, ինչպիսիք են Քոեն եղբայրները, Ուես Անդերսոնը և Թիմ Բարթոնը:
Ըստ աղբյուրի՝ կինոարվեստում ունեցած ակնառու ավանդի համար օպերատորը կարժանանա «Փարաջանովյան թալեր» մրցանակին:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն անցկացվում է Երևանում 2004 թվականից և համարվում է տարածաշրջանի ամենահեղինակավորներից մեկը: Դրա հիմնադիրներն են Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը: Փառատոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է Կարեն Ավետիսյանը: Այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն ընդգրկվել է Կինոպրոդյուսերների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (FIAPF) ցանցում: Հատկանշական է, որ աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոններից միայն մոտ 50-ն են ճանաչված այս կազմակերպության կողմից: Այս տարի կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 12-ին և կտևի մինչև հուլիսի 19-ը:



