


Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել և ելույթով հանդես է եկել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ՍԾՏՀ ԱԳՆԽ) 52-րդ նստաշրջանին:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, իր ելույթում Աբիսողոմոնյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության կառուցողական օրակարգին՝ ուղղված տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանը և տնտեսական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:
Ընդգծվել է ՍԾՏՀ-ի և դրա մարմինների ու մեխանիզմների արդյունավետության բարձրացման կարևորությունը: Աբիսողոմոնյանը վերահաստատել է, որ Հայաստանը՝ որպես մշակույթի, զբոսաշրջության և մաքսային հարցերով ՍԾՏՀ աշխատանքային խմբերի համակարգող երկիր, պատրաստ է ջանքեր ներդնել այս ոլորտներում նպատակային համագործակցության զարգացման համար:
Դիվանագետը նաև ողջունել է Հունաստանի Հանրապետության կողմից ՍԾՏՀ նախագահության ստանձնումը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու սերտ համագործակցություն և կառուցողական փոխգործակցություն կազմակերպության շրջանակներում:



