
Արմինֆո.Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը, հայտարարելով, որ այն դիտարկում է որպես կարևոր քայլ տարածաշրջանում խաղաղության և հանգստության ապահովման ճանապարհին:
"Ես ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը դիտարկում եմ որպես կարևոր իրադարձություն մեր տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատման տեսանկյունից և ողջունում եմ այն", - գրել է Էրդողանը թուրքական NSocial ընկերության սոցցանցում:
Էրդողանը հավելել է, որ անկեղծորեն ակնկալում է, որ այդ նորությունը, որի կարիքն աշխարհը վաղուց ուներ, հիմք կհանդիսանա տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման համար: Ընդ որում, նա հատուկ ընդգծել է, որ պետք է զերծ մնալ հայտարարություններից, սադրանքներից և այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճին՝ մինչև համաձայնագրի պաշտոնական ստորագրումը ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև պահպանել զգոնությունը սաբոտաժի հնարավոր փորձերի նկատմամբ:
"Շնորհակալություն եմ հայտնում Պակիստանին իր բացառիկ միջնորդական ջանքերի համար, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իրանի ղեկավարությանը, որոնք առանցքային դեր են խաղացել այդ արդյունքին հասնելու գործում։ Բացի այդ, կցանկանայի նշել և բարձր գնահատել Կատարի և Սաուդյան Արաբիայի կողմից դիվանագիտական նախաձեռնություններին աջակցությունը ։ Թուրքիան այսուհետ եւս կաջակցի մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ հանգստության հաստատմանն ուղղված ցանկացած ջանքերի, ինչպես նաեւ կնպաստի դիվանագիտության եւ միջազգային իրավունքի հիման վրա երկարաժամկետ լուծումների որոնմանը", - նշել է Էրդողանը, հաղորդում է Անադոլուն:
Ավելի վաղ, ըստ ԶԼՄ-ների, Պակիստանը հայտարարել էր ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ համաձայնության ձեռք բերման , ինչպես նաեւ տարածաշրջանում հրադադարի մասին, այդ թվում՝ Լիբանանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրանից անմիջապես հետո հայտարարել է Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման և Իրանի ծովային շրջափակման դադարեցման մասին։ Թեհրանը նույնպես հաստատել է դա։ Ընդ որում, համաձայնագրի ստույգ մանրամասները նախկինի պես անհայտ են մնում։