
Արմինֆո. Հայաստանում խիստ քննադատության են ենթարկել Դիլիջանում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը:
Մասնավորապես, ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ ԱԽ քարտուղարի և Ալիևի օգնականի երջանիկ հանդիպումը Դիլիջանում, քաղաքականից բացի, նաև այլ հարթություն է ենթադրում։
«Տեսնես՝ Արցախի Մարտունի քաղաքում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից։
Մանկության երազա՞նքն է իրականացվել, երբ իր ծննդավայրն ադրբեջանացվել է։
90-ականներից սկսած՝ հազարավոր մարտունեցիներ, արցախցիներ կամ պարզապես հայեր են զոհվել։ Արմե՛ն, ո՞նց ես մարսել, շատ հե՞շտ էր, թե՞ ուղղակի թքած ունես։
Արցախի գլխին եկածի պայմաններում ո՞նց ես ապրում, շնչում, կյանքդ վայելում Արցախ հանձնածների շրջապատում, ուրախ-զվարթ ժամանակ անցկացնում Արցախին պատերազմ բերածների և ցեղասպանություն իրականացրածների կարկառուն ներկայացուցչի հետ։
Քեզ միայն փառքն ու պաշտոնն են հետաքրքիր, իսկ քո ծննդավայրի ոչնչացումը, հայրենակիցներիդ մահն ու տառապանքը քեզ համար կոպեկի արժեք չունեն», - գրել է Աբրահամյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հանդիպումը մեկնաբանել է նաև "Ապրելու երկիր" կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը, ով արձանագրել է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար, արցախցի Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի հետ հպարտությամբ զբոսնում էր Դիլիջանում, մի քաղաքում, որտեղ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը կատարել է 236 միլիոն դոլարի ներդրում, ինչի արդյունքում Դիլիջանը դարձել է Հայաստանի գլխավոր այցեքարտերից։ «Ռուբենը վերադառնալու է և շարունակելու է իր նվիրումը Դիլիջանին և ողջ Հայաստանին, իսկ Արմեն Գրիգորյանն ու իր շեֆը պատմության մեջ մնալու են որպես Արցախը հանձնած իշխանություն», - գրել է Մեսրոպ Առաքելյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։