
Արմինֆո. Ֆինանսների նախկին նախարար և պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ հաարուցվել է հանրային քրեական հետապնդում: Ինչպես հաղորդում են հայկական լրատվամիջոցները, այդ մասին ասվում է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի հայտարարության մեջ:
Մեղադրանքի հիմքում դրված է այն պնդումը, որ նա առնչություն ունի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերի պետական միջոցներ վատնելու վերաբերյալ 2019 թվից առ այսօր քննվող քրեական գործի հետ: Այդ առնչությամբ պաշտպանական կողմը հայտարարել է, որ Արտյոմ Խաչատրյանը դրա հետ որևէ առնչություն չունի, իսկ քրեական հետապնդումն ինքնին ունի մեկ նպատակ ՝ ճնշում գործադրել Խաչատրյան ընտանիքի նկատմամբ:
Աղբյուրի համաձայն, դատարանը բավարարել է Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը: «Սա այն դեպքում, երբ նրան մեղսագրվող դրվագով նախաքննությունն իրականացվել է դեռևս 2019-2020 թվականներին, և արդեն այն ժամանակ հանցագործության որևէ նշան չի հայտնաբերվել: Սակայն ընտրություններից մի քանի օր առաջ այդ նույն դրվագը անսպասելիորեն և ապօրինաբար որակվել է որպես հանցագործություն բացառապես նշված անձանց ձերբակալությանը հասնելու նպատակով», - ասվում է հայտարարության մեջ:
Փաստաբանների խումբը նաև հաղորդել է, որ Արտյոմ Խաչատրյանը մայիսի 30-ից գտնվում է արտերկրում, որտեղ բժշկական հետազոտության արդյունքում նրան հանձնարարվել է մինչև հունիսի 19-ը չլքել բուժհաստատությունը և անցնել բուժման անհրաժեշտ կուրս: Համապատասխան փաստաթղթերն առկա են և ներկայացվել են գործի վարույթն իրականացնող մարմնին: Սակայն, ինչպես նշել են փաստաբանները, անգամ այդ հիմնավոր բժշկական փաստաթղթերը հաշվի չեն առնվել քննչական մարմնի կողմից, որն ապօրինի դիմել է դատարան ՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ:
«Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի անհիմն որոշումը, անշուշտ, կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում: Մինչ այդ մենք կոչ ենք անում և խստորեն խորհուրդ ենք տալիս արդարադատություն իրականացնող մարմիններին գործել բացառապես օրենքի սահմաններում և տեղի չտալ քաղաքական իշխանության, այսպես կոչված, սադրանքներին", - ասվում է հայտարարության մեջ: