


Արմինֆո. Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է Ազատ գյուղի զորամասում բռնկված հրդեհի գործով անցնող կապիտան Եղիշե Հակոբյանի կալանքը: Այսօր կայացած նիստում համապատասխան որոշում է կայացրել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանը:
"Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումները, որոշում է կայացրել ևս երեք ամսով երկարաձգել գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը", - նիստի ընթացքում հայտարարել է դատավորը:
Հիշեցնենք, որ 2023թ. հունվարի 19-ին 15 զինծառայող է զոհվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի շենքում տեղի ունեցած հրդեհի արդյունքում, տուժել են մեկ սպա եւս չորս ժամկետային ծառայողներ։ Ըստ իշխանությունների վարկածի, հրդեհը բռնկվել է հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում։ Նախաքննությամբ պարզվել է, որ 2023թ.հունվարի 19-ին ՝ կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի սպան, խախտելով սահմանված կարգը, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի առաջին փողոցի թիվ 20 տանը փորձել է բենզինով վառել վառարանը, ինչի հետևանքով զորանոցում հրդեհ է բռնկվել ։ Հակահրդեհային պաշտպանության պատշաճ միջոցների բացակայության պատճառով ապաստարանում գտնվող զինծառայողները ոչ միայն հնարավորություն չեն ունեցել հանգցնել այն, այլև պահեստային ելքի բացակայության պայմաններում չեն կարողացել կոտրել պատուհաններին ամրացված երկաթե ճաղավանդակները: Դեպքի կապակցությամբ աշխատանքից ազատվել է երկրորդ բանակային կորպուսի ողջ հրամանատարական կազմը: Գործով անցնում է 5 մարդ:



