


Արմինֆո. ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գտնվում է հիվանդությամբ պայմանավորված արձակուրդում, ինչի մասին համապատասխան տեղեկանք է ներկայացվել դատարան: Այս մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Ընդ որում, նա պատմել է, որ, ինչպես պարզվել է, կառավարության որոշմամբ եղել է տեղեկանքի ձևի փոփոխություն, ինչը հանգեցրել է ան բանին, որ Օհանյանի փաստաբանի ներկայացրած տեղեկանքը չի համապատասխանել այդ ձևին:
"Նիստի ընթացքում (2008թ. մարտի 1 - ի գործով-խմբ.) դատավորը նախազգուշացրել է, որ եթե հաջորդ նիստին պատշաճ ձևով տեղեկանք չներկայացվի, ապա Օհանյանը դատարան կբերվի հարկադիր կարգով", - պատմել է Մանուկյանը, անդրադառնալով շրջանառվող լուրերին այն մասին, թե դատարանը որոշել է Օհանյանին կալանավորել:
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ Սեյրան Օհանյանը զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնները, իսկ արդեն ապրիլին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգը տապալելը): Օհանյանն իր մեղքը չի ընդունում։



