
Արմինֆո.«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչության անդամ Նարեկ Կարապետյանին թույլ չեն տվել դուրս գալ Հայաստանից։ Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում։
Ինչպես պարզաբանել է Կարապետյանը, այսօր իրենք Armat Media կայքի նկարահանող խմբի հետ միասին պետք է լինեին Ռուսաստան տանող ռազմավիրական ճանապարհին, որն ավելի հայտնի է որպես «Վերին Լարս», և այնտեղից ուղիղ եթեր դուրս գային։ «Մենք ցանկանում էինք ցույց տալ, թե ինչ խայտառակ իրավիճակ է այսօր տիրում հայկական գյուղմթերքի արտահանման ոլորտում և հայկական բեռնատարների՝ սահմանն (ռուս-վրացական - խմբ.) անցնելու հետ կապված։ Սա Armat Media-ի հետ համատեղ նախագիծ է, որի շրջանակներում մենք պետք է ձեզ ցույց տայինք հայկական բեռնատարների մոտ 15 կիլոմետրանոց հերթը», - հրապարակված տեսաուղերձում նշել է քաղաքական ուժի վարչության անդամը։
Սակայն, նրա խոսքով, հայ-վրացական սահմանին սահմանապահ ծառայության աշխատակիցները, սահմանը հատելու փորձի ժամանակ, տեղեկացրել են իրեն, որ իր ելքն արգելված է։ «Բայց սահմանապահ ծառայության աշխատակիցները մեզ հայտնեցին, որ իմ այցն արգելված է, և իմ նկատմամբ սահմանափակումներ կիրառեցին։ Ուստի, եթեր դուրս կգա Armat Media-ն, իսկ ես կշարունակեմ հետևել գործընթացներին այստեղից», - ամփոփել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը առևտրային սահմանափակումներ էր մտցրել Հայաստանից մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ։ Այսպես, հունիսի 2-ից ուժի մեջ է մտել Հայաստանից կորիզավոր պտուղների և խաղողի ներկրման ժամանակավոր արգելքը։ Սահմանափակումների տակ են հայտնվել բալը, կեռասը, ծիրանը, սալորը, դեղձը, նեկտարինը և թարմ խաղողը՝ իբր «մատակարարումների ժամանակ հաճախակիացած խախտումների» պատճառով։ Սա առաջին միջոցը չէր, որը Ռուսաստանը կիրառել էր հայկական արտահանման դեմ։ Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» արգելել էր նաև Հայաստանից ձկան և ձկնամթերքի ներկրումը՝ բացառություն անելով միայն երկու ձեռնարկությունների համար, որոնք անցել էին ռուսական տեսչական ստուգումը։ Բացի այդ, Ռուսաստանը սահմանափակել է հայկական ծաղիկների, հանքային ջրի, կոնյակի, գինու, բանջարեղենի և ելակի ներմուծումը։ Փորձագետները Մոսկվայի գործողությունները կապում են ոչ միայն սանիտարական պահանջների, այլև հարաբերությունների կտրուկ վատթարացման հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման կուրսի ֆոնին։