


Արմինֆո.ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 10-11-ը Բրյուսելում՝ Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանում, մասնակցել է Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի Գործադիր ակադեմիական խորհրդի նիստին:
Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, միջոցառման ընթացքում Երոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բանակի տրանսֆորմացիայի շրջանակներում ռազմական կրթության և պատրաստության ոլորտում իրականացվող բարեփոխումները:
Ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանը և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ ռազմական կրթության ոլորտում ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության համակարգող Տիգրան Հարությունյանը:
Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի Գործադիր ակադեմիական խորհրդի ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության ռազմական ուսումնական հաստատություններում իրականացվող բարեփոխումները և ընդգծել համագործակցության ընդլայնման կարևորությունը, մասնավորապես՝ ԵՄ «Էրազմուս» ռազմական ծրագրի (EMILYO) շրջանակներում։ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի՝ քոլեջին որպես ասոցացված գործընկեր միանալու առաջարկն արժանացել է հավանության և ուղարկվել քոլեջի ղեկավար կոմիտեի հաստատմանը:
Բրյուսել կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Պաշտպանական և անվտանգության համագործակցության տնօրինության ղեկավար Փիրս Կազալետի հետ՝ քննարկելու պաշտպանական ոլորտում ընթացիկ ծրագրերին և համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։



