


Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրավեր ստանալու դեպքում այց կկատարի Ռուսաստան։ Այս մասին նա ասել է հունիսի 11-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում։
Անդրադառնալով հունիսի երկրորդ կեսին ՌԴ նախագահի հետ հանդիպման մասին նախկինում շրջանառվող տեղեկատվությանը՝ վարչապետը նկատել է, որ այդ հարցում փոխըմբռնում է ձեռք բերվել։
«Բայց պետք է հրավեր լինի, որպեսզի ես գնամ։ Այսինքն՝ հրաժարվել հաստատ չեմ հրաժարվի»,- ընդգծել է Փաշինյանը։
Նշենք, որ այս տարվա ապրիլին վարչապետը հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը տեղի կունենա հունիսի երկրորդ կեսին։ Միևնույն ժամանակ նա նկատել էր, որ այդ մասին պայմանավորվել է ռուսական առաջնորդի հետ։ «Մենք պայմանավորվել ենք հետագա միջոցառումների, հանդիպումների, այդ թվում՝ բարձր մակարդակով, հունիսի երկրորդ կեսին (հունիսի 7-ի ընտրություններից հետո - Խմբ.)»,- ասել էր Փաշինյանը։



