


Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ՀԱՊԿ-ում որոշում կայացնեն երկիրը Կազմակերպությունից հեռացնելու մասին, ապա Երևանը դա ի գիտություն կընդունի։ Այս մասին նա ասել է հունիսի 11-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում:
«Չեմ կարող մեկնաբանել ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը: Բայց ինձ հայտնի է, որ երկիրը Կազմակերպությունից հեռացնելու մեխանիզմ կա, և այն գործում է: Եթե ՀԱՊԿ անդամները նման որոշում կայացնեն, մենք ստիպված կլինենք դա ի գիտություն ընդունել»,- ասել է Հայաստանի վարչապետը։
Նշենք, որ օրեր առաջ ՀԱՊԿ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ Երևանի կողմից ավելի քան երկու տարի անդամավճարները չվճարելու պատճառով։
Այս կապակցությամբ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ավելի քան երկու տարի է, ինչ հայ գործընկերները չեն գալիս միջոցառումներին։ Միևնույն ժամանակ, ակտիվորեն ընդլայնում են համագործակցությունը, ընթանում են զինվորական վարժանքներ, գնվում է ռազմական արտադրանք, ռազմական գծով պատվիրակությունների փոխանակում է տեղի ունենում թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ԵՄ-ի հետ, որն այժմ վերածվում է միլիտարիզացված կառույցի։
Հիշեցնենք, որ Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները 2022 թվականի վերջից։ 2024 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱԿՊ-ում, քանի որ Կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները ՀՀ հանդեպ, ինչը չէր կարող անհետևանք մնալ։ Իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, սուվերենության և պետականության համար։



