
Արմինֆո.Հունիսի 10-ի գիշերը Գյումրիում տեղացած անոմալ ուժեղ անձրևների և կարկուտի հետևանքով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել։
Ինչպես պարզաբանել են Գյումրիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, ինտենսիվ տեղումների պատճառով քաղաքի որոշ հատվածներ հեղեղվել են, իսկ ճանապարհները ծածկվել են սառույցով։ Դա, ըստ աղբյուրի, լուրջ խնդիրներ է ստեղծել ինչպես մարդկանց, այնպես էլ տրանսպորտի համար։ «Հորդառատ անձրևներն ու կարկուտը կաթվածահար են արել տրանսպորտի շարժը։ Ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Տերյան փողոցից դեպի Ախուրյանի խճուղի տանող կամրջի տակի հատվածում։ Այնտեղ սառույցի հսկայական շերտ և ջրի մեծ կուտակումներ են առաջացել, ինչի պատճառով այդ հատվածը դարձել է անանցանելի մարդկանց համար, իսկ երթևեկությունն այդ ուղղությամբ ամբողջությամբ կաթվածահար է եղել»,- հայտնել են Գյումրիի քաղաքապետարանից։
Գյումրիի քաղաքապետարանի բնակարանային-կոմունալ տնտեսության բաժնի պետի պաշտոնակատար Անդրանիկ Չադրյանի խոսքով՝ տեղումների ծավալն աննախադեպ է եղել։ «Կարկուտի և սառույցի շերտի բարձրությունը որոշ վայրերում հասել է մինչև 1,5 մետրի։ Թեև ստորգետնյա ջրատար խողովակները գործել են, սակայն ջրի քանակն այնքան մեծ է եղել, որ ժամանակին ջրի ամբողջական հեռացումն ապահովել պարզապես չի հաջողվել»,- պատմել է Չադրյանը։
Համաձայն աղբյուրի՝ աղետի հետևանքները վերացնելու համար Գյումրիի քաղաքապետարանն ողջ գիշեր աշխատել է արտակարգ ռեժիմով։ «Աշխատանքներում ներգրավվել է ողջ անհրաժեշտ տեխնիկան։ Գիշերվա ընթացքում կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները փորձել են հեռացնել սառույցի հաստ շերտը, մաքրել ճանապարհը և վերականգնել տրանսպորտի շարժը»,- եզրափակել են քաղաքապետարանից։
Ավելի վաղ համացանցում տարածվել էին նաև Ստեփանավանում տեղացած ուժեղ կարկուտի կադրերը։ Նշվում էր, որ կարկուտը տեղացել է մոտ 20 րոպե՝ լուրջ վնաս հասցնելով քաղաքի բնակիչներին. այն կոտրել է մեքենաների ապակիները, ոչնչացրել ցանքատարածությունները, վնասել տների տանիքները, արևային պանելները և ոչ միայն։ Գրանցվել է նաև անասունների անկում։ Ստեփանավանի քաղաքապետարանում մինչ այժմ շարունակում են կարկուտի հետևանքների արձանագրումը. խոսքը բազմամիլիոնանոց վնասի մասին է։